
Հունիսի 25-ին Հանրապետության նախագահը ստորագրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների փաթեթը։
Նոր կարգավորումներով ներդրվել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային և վերահսկելի մեխանիզմ։
✅Նոր ընթացակարգով նախատեսվում է՝
1️⃣ վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու և օրենքով սահմանված պետական տուրքը՝ հիսուն հազար դրամ վճարելու դեպքում, անձը կարող է վերականգնել վարելու իրավունքը առանց որակավորման քննություններ հանձնելու,
2️⃣ 1 տարի ժամկետով փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,
3️⃣ փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նա կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով։
📍Փաթեթով նախատեսվում է նաև անցումային դրույթ․ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք միայն մեկ անգամ հնարավորություն կունենան վերականգնելու իրենց վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։ Հաջորդիվ զրկումների դեպքում վարելու իրավունքի վերականգնումը կիրականացվի որակավորման քննություններ հանձնելուց հետո։
🗓Կարգավորումն ուժի մեջ է մտնում հուլիսի 6-ից։
📝Վարելու իրավունքը վերականգնելու հնարավորությունից օգտվելու համար պետք է համապատասխան դիմումները ներկայացվեն հետևյալ ժամկետներում՝
1) հուլիսի 6-ից սկսած 1 տարվա ընթացքում, եթե վարելու իրավունքից զրկելու ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը,
2) վարելու իրավունքից զրկելու ժամկետը լրանալուց հետո՝ 1 տարվա ընթացքում, եթե զրկման ժամկետը լրանալու է հուլիսի 6-ից հետո:
💻Վարելու իրավունքից զրկված անձինք հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար պետք է նախապես հերթագրվեն՝ հերթագրման հարթակում ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։
📄Նախապես ընտրված օրը և ժամին անհրաժեշտ է ներկայանալ տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով վարորդական վկայական ստանալու համար հետևյալ փաստաթղթերը․
🔹 անձը հաստատող փաստաթուղթ,
🔹վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (50 000 ՀՀ դրամ),
🔹նոր վարորդական վկայական ստանալու համար նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12 000 ՀՀ դրամ, իսկ թվային վկայականի դեպքում՝ 6.000 դրամ), եթե հին վկայականը վերադարձման ենթակա չէ։










