
Երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք բարձրահարկ շենքի նկուղային, 1-ին և 2-րդ հարկերում՝
✅ վերցրեք նախապես պատրաստած առաջին անհրաժեշտության իրերով պայուսակը և աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից,
✅ հեռացեք դեպի բաց տարածություն, 3-րդ և ավելի բարձր հարկերում գտնվելու դեպքում շենքից դուրս մի՛ եկեք, աստիճանները կարող են խցանված լինել։
✅ Եթե չեք կարող լքել շինությունը, վերցրեք առաջին անհրաժեշտության իրերով պայուսակը և ընդունեք կքանստած դիրք շենքի ներքին կրող հիմնական պատերի‚ դրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում առկա դռան բացվածքների ներքո՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ առարկա։
✅ Նաև կարելի է մտնել հիմնական կրող պատին մոտ գտնվող սեղանի տակ:
✅ Եթե անվասայլակով եք, ապա մոտեցրեք ներքին հիմնական կրող պատին, կողպեք անիվներ, որպեսզի անվասայլակն անշարժանա, գլխավերևում ամուր առարկա պահեք ծեփակտորներից պաշտպանվելու նպատակով։
✅ Հեռու մնացեք պատուհաններից և շենքի արտաքին պատերից, դրանք փլվում են առաջին հերթին։
✅ Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել կամ շրջվել:
✅ Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով:
✅ Մի՛ օգտվեք վերելակից:
Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում՝
✅ հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ տարածություն:
✅ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։
✅Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։
Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք մետրոյում՝
✅ ցնցման ժամանակ ամուր բռնվեք, երկաթե ձողերից:
✅ Հնարավոր է, որ հոսանքն անջատվի‚ գնացքը ժամանակավորապես կանգնի‚ ինքնաբերաբար միանան վթարային լամպերը:
✅ Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին:
✅ Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից ոչ մի դեպքում մի օգտվեք էլեկտրականությունից‚ մի օգտագործեք լուցկի կամ գազայրիչ, քանի որ գազատարը կարող է վնասված լինել։
✅ Վերցրեք առաջին անհրաժեշտության իրերով նախապես պատրաստված պայուսակը և գործեք նախորդ կետերում նշված կանոնների համաձայն։










