
Փետրվարի 15-ից ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնը գործարկվեց միասնական 112 հեռախոսահամարով՝ միավորելով Ոստիկանության և Փրկարար ծառայության ահազանգերի ընդունումն ու օպերատիվ կառավարումը։ Այս փոփոխությունը պարզապես տեխնիկական գործընթաց կամ հեռախոսահամարի փոփոխություն չէր, այլ համակարգային և բովանդակային բարեփոխում՝ միտված արտակարգ իրավիճակների կառավարման միասնական և արդյունավետ համակարգ ձևավորելուն։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը վստահեցնում է՝ համակարգի գործարկումից ի վեր մշտադիտարկվում և վերլուծվում են բոլոր ահազանգերը, ներառյալ՝ չպատասխանված զանգերը։ Այդպիսի դեպքերում իրականացվում է հետադարձ զանգ, որպեսզի որևէ դեպք չմնա առանց արձագանքի։ Սա, ըստ փոխնախարարի, լիովին համապատասխանում է 112 օպերատիվ կառավարման կենտրոնի հիմնական սկզբունքին։
Արմեն Ղազարյանի խոսքով՝ Կենտրոնը գործարկվել է ստանդարտ օպերացիոն գործիքակազմով, ինչի շնորհիվ զանգերի սպասարկման գործընթացը դարձել է առավել կանոնակարգված։ Եթե նախկինում որոշ գործառույթներ թողնված էին օպերատորի հայեցողությանը, ապա այժմ յուրաքանչյուր ահազանգ մշակվում է հստակ հարցաշարի հիման վրա, որը կազմվել է՝ հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունը, բարդությունն ու բնույթը։
Փոխնախարարի խոսքով՝ նոր համակարգը նպաստել է նաև արձագանքման արագության բարձրացմանը։ Նպատակն է սպասարկված զանգերի առնվազն 90%-ի դեպքում պատասխանել և արձագանքը մեկնարկել մինչև 15 վայրկյանի ընթացքում։ Նրա համոզմամբ՝ կենտրոնն արդեն զգալիորեն մոտեցել է այդ ցուցանիշին և առաջիկայում կհասնի միջազգային՝ NENA-ի չափորոշչին։
Զանգերի վերլուծությունը ցույց է տալիս, որ չպատասխանված զանգերի զգալի մասը տեխնիկական բնույթի է։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ զանգի տևողությունը չի գերազանցում 5 վայրկյանը, և քաղաքացին անջատում է այն մինչ օպերատորի պատասխանելը։ Նման դեպքերում տեխնիկապես հնարավոր չէ սպասարկել զանգը, սակայն նույնիսկ նման դեպքերում իրականացվում է հետադարձ կապ՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան ծառայությունների արձագանքը կազմակերպելու համար։
Կենտրոնի գործարկումից հինգ ամիս անց շարունակվում են համակարգի արդիականացումն ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցումը։ Մշտադիտարկվում է համակարգի գործունեությունը և նախանշվում զարգացման առաջնահերթ ուղղությունները՝ ներառյալ թվային գործիքների, տեխնիկական լուծումների և օպերատիվ կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության կատարելագործումը։
Զուգահեռաբար շարունակվում են ծառայողների վերապատրաստումները՝ ինչպես նոր գործիքների արդյունավետ կիրառման, այնպես էլ քաղաքացիների հետ հաղորդակցման հմտությունների զարգացման նպատակով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սպասարկման որակի բարձրացմանը՝ կատարելագործելով ոչ միայն արձագանքման արագությունը, այլև զանգերի սպասարկման մշակույթը։
Արմեն Ղազարյանի խոսքով՝ նոր համակարգում փրկարար ծառայողների համար ավելացվել են անհրաժեշտ տեղեկատվական շերտեր, որոնք հնարավորություն են տալիս դեպքի վայր մեկնելուց առաջ գնահատել հնարավոր երկրորդային վտանգները։ Դրանց թվում են վթարային շենքերի, հիդրանտների, քարաթափումների, սողանքների և այլ ռիսկային գոտիների վերաբերյալ տվյալները, որոնք նախապես փոխանցվում են ծառայողներին՝ ապահովելով իրավիճակի առավել ամբողջական պատկերացում։
Այս գործիքակազմը կարևոր է ոչ միայն արագ, այլև առավել արդյունավետ և անվտանգ արձագանք կազմակերպելու համար։
Այսպիսով, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը պարզապես զանգերի ընդունման և տեխնիկական սպասարկման հարթակ չէ, այլ արտակարգ իրավիճակների կառավարման ժամանակակից համակարգ, որի առանցքում քաղաքացին է, իսկ առաջնային նպատակը՝ յուրաքանչյուր ահազանգի արագ, համակարգված և արդյունավետ արձագանքն ու քաղաքացիների անվտանգության առավել բարձր մակարդակի ապահովումը։










