Շուրջ տասը տարի առաջ կյանքի ճանապարհը 2025 թվականի արդյունքներով լավագույն փրկարար ճանաչված Արման Ազարյանին բերեց Փրկարար ծառայություն՝ հստակ գիտակցմամբ, որ փրկարար լինելը պարզապես մասնագիտություն չէ, այլ ընտրություն, որը պահանջում է անվերապահ նվիրում, կամք և պատրաստակամություն՝ ցանկացած պահի կանգնելու մարդկանց կողքին։

«Ծառայությանս տասը տարիների ընթացքում բազմաթիվ կանչերի եմ մեկնել․ յուրաքանչյուրն իր բարդությունն ու յուրահատկությունն ուներ։ Փրկարարը պետք է պատրաստ լինի գնալու ցանկացած կանչի»,- ասում է նախորդ տարվա լավագույն փրկարար ճանաչված Արման Ազարյանը։

Ծառայության տասը տարիները պարզապես օրացույցի էջեր չեն։ Դրանք վտանգի հետ առերեսումներ են, անքուն հերթապահություններ, պատասխանատվություն, փորձություններ։ Դա ճանապարհ է, որը կերտվել է նվիրումով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, վճռականությամբ։

«Դժվար եղանակային պայմաններում՝ անձրևի, ցրտի ժամանակ, նա ճիշտ և արհեստվարժ կերպով կատարել է իր առջև դրված առաջադրանքները և մասնակցել է որոնողական աշխատանքներին»,- ասում է Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության ՀՆՓԱԻԿ 4-րդ հերթափոխի պետ Արթուր Սարգսյանը:

Փրկարարի աշխատանքը պահանջում է ոչ միայն փորձ և գիտելիք, այլև ֆիզիկական պատրաստվածություն։ Ամենօրյա մարզումներն ու մասնագիտական հմտությունների կատարելագործումը այն հիմքն են, որի վրա կառուցվում է յուրաքանչյուր փրկարարական գործողություն։

Ծառայակիցների համար Արման Ազարյանը պարզապես փորձառու փրկարար չէ, այլ հավատարիմ ընկեր, որի ներկայությունը նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում վստահություն է ներշնչում։

Արման Ազարյանն իր հաջողությունների մասին խոսել չի սիրում։ Վստահեցնում է՝իր ծառայության ամենաբարձր գնահատականը յուրաքանչյուր փրկված կյանքն է, մարդկանց վերագտած հավատը, որ նույնիսկ ամենադժվար պահերը հաղթահարելի են։

Նմանատիպ գրառումներ