Պաշտպանության և անվտանգության, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ներքին գործերի նախարարության՝ Ոստիկանությանը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը, որին ներկա է եղել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Հաշվետու զեկույց է ունեցել Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Նա նշել է, որ Ոստիկանության հաշվետու տարվա բյուջեի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է՝ 80․9 մլրդ․ դրամ, 2021 թ.՝ 67․3 մլրդ. դրամից 13․6 մլրդ. դրամով կամ 20,2 %-ով ավելի, որը վերագրվում է ընթացիկ ծախսերին՝ 5․0 մլրդ. դրամ (որից՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներին՝ 2․7 մլրդ. դրամ, անձնագրերի ձեռք բերմանը՝ 0․9 մլրդ. դրամ և այլն), կապիտալ ծախսերին՝ 8․6 մլրդ. դրամ։ Հաշվետու տարում ծախսվել է 80․0 մլրդ. դրամ, կատարողականը կազմել է 98,9 % (2021 թվականին՝ 66․2 մլրդ. դրամ, կատարողականը՝ 98,4 %)։ Ընթացիկ ծախսերի 74,7 %-ը, 51,4 մլրդ. դրամ գումարով՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված միջոցներն են (2021 թ․՝ 76,8 %, 47,3 մլրդ. դրամ գումարով)։ Ոստիկանության ծառայողների (աշխատողների) հաշվետու տարվա միջին ամսական աշխատավարձը, ներառյալ պարգևատրումները, կազմել է՝ 289 հազ. դրամ, ըստ էության պահպանելով 2019-2021 թթ. տվյալ ցուցանիշի մակարդակը։ Ոստիկանության միասնական համակարգի ստորաբաժանումների գործունեության ապահովման ծախսերի ֆինանսավորումը կազմակերպվել և իրականացվել է 2 ծրագրով, 12 քաղաքականության միջոցառումներով, 91 արդյունքային չափորոշիչով (ցուցանիշով), որից 59-ը՝ քանակական, 15-ը՝ որակական և 17-ը՝ ժամկետային ցուցանիշներ, դրանով, ըստ էության, ապահովելով նախատեսված բյուջետային միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների և ակնկալվող արդյունքների միջև փոխկապվածությունը: Հարկ է նշել, որ ըստ էության ապահովվել է բյուջեի կատարողականի բավական բարձր տոկոսային ցուցանիշ՝ 98,9 %, որը պայմանավորված է նաև տարվա ընթացքում իրականացված միջհոդվածային վերաբաշխումներով։ Ներկայացնելով Ոստիկանության կողմից 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները՝ Արա Ֆիդանյանը ծրագրային բյուջեի մեթոդաբանությանը և կառուցվածքին համապատասխան անդրադարձել է «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիթորինգ և վերահսկողություն» ծրագրի շրջանակներում 2022 թվականին ապահովված մի շարք արդյունքային քանակական չափորոշիչների: Այսպես, համաձայն կանխատեսումների՝ 2022 թվականին պետք է մշակվեր Ոստիկանության ոլորտի քաղաքականությանը վերաբերող 140 օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտ, այդուհանդերձ, մշակվել է 29-ով ավելի (ընդհանուր՝ 169), ինչը պայմանավորված է եղել մեկնարկած բարեփոխումների շարունակականության ապահովմամբ և ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի կիրարկմամբ: Արա Ֆիդանյանը նշել է, որ մինչև 2023 թվականի տարեվերջ Պարեկային ծառայությունը ներդրվելու է ողջ հանրապետությունում․ «Հաշվետու ժամանակահատվածում գործարկվել են Լոռու և Շիրակի մարզերի Պարեկային ծառայության ստորաբաժանումները, ավարտվել է Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Արագածոտնի մարզերի պարեկների ուսուցումը, իսկ նշված մարզերում ծառայության մեկնարկը տրվել է սույն թվականի հունվարի 21-ին: Նաև վերջնականացրել ենք Համայնքային ոստիկանության վերաիմաստավորման և Քրեական ոստիկանության ստեղծման տեսլականները, որոնց ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթներն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը և քննարկվում են Ազգային ժողովում: Ինչ վերաբերում է Ոստիկանության գվարդիային, ապա նշեմ, որ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ մեկնարկել ենք նոր ծառայության օրենսդրական փաթեթի և միջազգային չափորոշիչներին համապատասխանող սպառազինության ցանկի մշակման աշխատանքները»: Խոսելով «Ոստիկանությունում իգական սեռի ծառայողների թվաքանակի ավելացում» արդյունքային չափորոշիչի ապահովման մասին՝ Արա Ֆիդանյանը փաստել է, որ այն ըստ էության ապահովվել է և կազմել 18,4 % (կանխատեսվել է 18,8 %)․ «Կարևորելով Ոստիկանությունում գենդերային հավասարության ապահովման խնդիրը, մեր առջև հավակնոտ նպատակ ենք դրել Պարեկային ծառայությունում կին ծառայողների թվաքանակը մինչև 2024 թվականի ավարտը հասցնել 30 %-ի՝ անցկացնելով կին ծառայողների թիրախային ընդունելություն: Կին ծառայողների թեկնածուների հնարավորինս լայն շրջանակ ապահովելու համատեքստում մեկնարկել ենք «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» խորագրով իրազեկման արշավ, որին միացել և Պարեկային ծառայության շարքերը համալրելու կոչով դիմել են բազմաթիվ հայտնի և հաջողակ կանայք, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պատգամավորներ, միջազգային կազմակերպություններում բարձր պաշտոն զբաղեցնող գործընկերներ»: Արա Ֆիդանյանը փաստել է նաև, որ 2022 թվականին ԵԱՀԿ աջակցությամբ IMR միջազգային կազմակերպության կողմից իրականացված համապարփակ հարցման արդյունքներով հարցվողների 70 %-ը ոստիկանության նկատմամբ իրենց վերաբերմունքը գնահատել են դրական, բացի այդ, Ոստիկանությունը առաջատար է նաև իրավապահ հաստատությունների ոլորտում հանրային վստահության 58 % ցուցանիշով․ «Ըստ էության կարելի է համարել, որ նշված ցուցանիշը հաղթահարված է: Ասեմ ավելին՝ ներկայումս էլ Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը նվազման միտում չի գրանցել և պահպանում է կայունությունը, ինչի մասին վկայում են 2023 թվականի սկզբին հեղինակավոր Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի հրապարակած հարցման արդյունքները, համաձայն որի՝ մեր երկրի տարբեր կառույցների շարքում Ոստիկանությունը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով կատարած աշխատանքների վերաբերյալ հարցվածների զգալի մասի դրական գնահատականը»: Արա Ֆիդանյանն անդրադարձել է նաև հանցավորության դեմ պայքարի վիճակն արտացոլող 11004 քաղաքական միջոցառման արդյունքային ցուցանիշներին․ «Ըստ այդմ նշեմ, որ վարույթում փաստացի առկա քրեական գործերի թիվը կանխատեսվածից ավելի է եղել 12․811-ով (կանխատեսված՝ 35․600, փաստացի՝ 48․411), ինչը գլխավորապես պայմանավորված է լատենտային հանցագործությունների հայտնաբերման մեծ թվով (4․102 դեպք), ծանր վիրավորանք հասցնելու արարքի քրեականացմամբ (997 դեպք), ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներով պայմանավորված՝ հանկարծամահության դեպքերով (484 դեպք) քրեական վարույթ նախաձեռնելու հանգամանքով: Բացի այդ, բարձր տեխնոլոգիական հագեցվածություն ունեցող և սկզբունքորեն նոր մեթոդաբանությամբ ծառայություն իրականացնող պարեկային կարգախմբերն առավել արդյունավետ են հայտնաբերում տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերը (3․602 դեպք)»: Անդրադառնալով Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող արդյունքային չափորոշիչների ներկայացմանը՝ Արա Ֆիդանյանը նշել է, որ թեև արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կանխատեսված 3.610-ից ավելի է եղել 698-ով (ընդհանուր՝ 4.308), իսկ ծանր հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներինը կանխատեսված 12-ից՝ 3-ով (ընդհանուր՝ 15), այդուհանդերձ, տվյալ քաղաքական միջոցառման կանխատեսված արդյունքային թիրախային ցուցանիշն ամբողջությամբ ապահովվել է՝ ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների մասնաբաժինը ընդհանուր պատահարների թվում կազմել է 0,3 %․ «Հատկանշական է նաև, որ 2021 թվականի համեմատ, ընդհանուր առմամբ, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել 296-ով, զոհերի թիվը` 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545-ով: Հավելեմ, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման համար տարվում է ամենօրյա աշխատանք, իրականացվող թիրախային կանխարգելիչ միջոցառումները կրելու են առավել պարբերական բնույթ, վստահ եմ դրանց արդյունավետության բարձրացմանը նոր թափ կհաղորդի Պարեկային ծառայության վերջնական ներդրումը»: Ամփոփելով զեկույցը՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, մյուս քաղաքական միջոցառումների արդյունքային ցուցանիշները հաշվետու տարում ևս ապահովվել են: Նա արձանագրել է, որ լայնածավալ բարեփոխումների իրականացմամբ, մասնավորապես՝ Ոստիկանության կառուցվածքային և կազմակերպական սկզբունքային փոփոխություններով պայմանավորված՝ հաջորդ տարվա համար Ոստիկանության ծրագրային բյուջեի քաղաքական միջոցառումները և արդյունքային չափորոշիչները կենթարկվեն էական վերանայման: