Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, հանրապետության դպրոցներում ազդարարվում է նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ նոր նպատակներով, ձեռքբերումների ու բացահայտումների ակնկալիքով։

Վաղ առավոտից դպրոցականների, ուսուցիչների ու ծնողների կողքին են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողները։ Սեպտեմբերի 1-ից 11-ը հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է ուժեղացված ծառայություն՝ «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում։

Ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում ոստիկանության ծառայողներն ապահովելու են հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև կանխարգելելու են անչափահասների մասնակցությամբ հնարավոր իրավախախտումները։

ՆԳՆ ոստիկանությունը ծնողներին հորդորում է տարրական դասարանների աշակերտներին ուղեկցել դպրոց գնալիս և տուն վերադառնալիս՝ նրանց չթողնելով առանց հսկողության։

Վարորդներին կոչ ենք անում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում երթևեկելիս ցուցաբերել առավել զգոնություն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չկայանել արգելված վայրերում։ Միաժամանակ հիշեցնում ենք, որ արգելվում է տրանսպորտային միջոցի վարումը հանձնել վարելու իրավունք չունեցող անձանց, այդ թվում՝ անչափահասներին։

Հարգելի՛ քաղաքացիներ, երեխաների անվտանգությունը կախված է նաև յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից։ Համատեղ հոգատարությամբ ու զգոնությամբ ապահովենք նրանց անվտանգ երթևեկությունը դեպի դպրոց և տուն։

Մաղթում ենք բարի և անվտանգ ուսումնական տարի։

Նմանատիպ գրառումներ