
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի միգրացիոն իրավիճակին՝ ընդգծելով, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով դեպի Հայաստան ներգաղթային հոսքի աճ է արձանագրվել։
Վարչապետի խոսքով՝ տարբեր երկրներից դեպի Հայաստանի Հանրապետություն նկատվել է մեծ մարդկային հոսք։
Նա նշել է, որ միջազգային իրադարձությունները նախկինում ևս տարբեր ուղղություններով մարդկային հոսքեր են ձևավորել, սակայն այս անգամ հիմնական ուղղություններից մեկը Հայաստանի Հանրապետությունն է։
«Մեր շատ հայրենակիցներ վերադառնում են Հայաստան»,- ասել է Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ արձանագրված միտումները վստահություն են տալիս, որ Հայաստանում կշարունակվեն ներգաղթային միտումները։
Վարչապետը նաև հիշեցրել է, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստան եկած քաղաքացիների թիվը 8 860-ով գերազանցել էր երկրից մեկնած քաղաքացիների թիվը, սակայն տարվա առաջին կիսամյակը դեռևս արտագաղթային էր, և ներգաղթային վիճակ արձանագրվել է միայն երկրորդ կիսամյակի արդյունքներով։
«Այս տարի արդեն առաջին կիսամյակը ներգաղթային է, ինչը մեզ վստահություն է տալիս, որ կլինեն ներգաղթային միտումներ։ Ավելին կլինեն, թե ոչ, չասենք, բայց որ կլինեն՝ դա հաստատ է»,- հավելել է վարչապետ Փաշինյանը։










