
Հարգելի՛ քաղաքացիներ, 18.09.2026թ. դրությամբ հրապարակվել են 2026 թվականի սեպտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի որոնման և ներբեռնման հնարավորությամբ:
Մուտք գործե՛ք ՀՀ ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am կայք, ընտրե՛ք «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժինը կամ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստր բաժինը elections.am և որոնեք Ձեր տվյալները։
Ուշադրություն, ընտրողը քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրեն ընդգրկելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել լիազոր մարմին՝ քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը։
Դիմումների ներկայացման ժամկետն է՝ 22.09.2026 թվականից մինչև 27.09.2026 թվականը՝ ժամը 20:00-ն։
Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև՝ քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝
1) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից,
2) սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում,
3) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում,
4) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը չբավարարելու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։
ՀՀ ընտրական օրենսգրքում 03.07.2026թ. կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում, օրենքի 2-րդ հոդվածի պահանջների համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`
1) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները
2) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող՝ սույն մասի 1-ին կետով սահմանված ժամկետում՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը բավարարող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված
3) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ սույն մասի 1-ին կետով սահմանված ժամկետում՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով փաստացի գտնվելու պահանջը բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:










