ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն «1in TV»-ի եթերում անդրադարձել է քաղաքացիության ինստիտուտի նոր կարգավորումներին, կենսաչափական համակարգի ներդրմանը և ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։

Նա մասնավորապես նշել է․

✅ Հայաստանը վերաիմաստավորում է քաղաքացիության գործընթացը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես միգրացիայի կառավարման գործիք, այլև որպես պետության և քաղաքացու միջև իրավական, փոխադարձ պատասխանատվության վրա հիմնված կարևորագույն ինստիտուտ։

✅ Օտարերկրացիների համար առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու նվազագույն պայման սահմանել Հայաստանում հինգ տարվա օրինական բնակությունը, որի ընթացքում անձը պետք է առնվազն 915 օր փաստացի գտնվի Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ քաղաքացու հետ ամուսնացած, ինչպես նաև ՀՀ քաղաքացի ծնող կամ զավակ ունեցող անձանց համար նախատեսվում է երեք տարվա օրինական բնակության նվազագույն պայման, որի առնվազն կեսը պետք է փաստացի անցկացված լինի Հայաստանում։ Միաժամանակ, ազգությամբ հայերի համար առաջարկվում է պահպանել քաղաքացիություն ձեռք բերելու պարզեցված կարգը՝ սահմանելով դիմումին նախորդող 2 տարվա օրինական բնակության և այդ ժամանակահատվածում առնվազն 366 օրվա փաստացի ներկայության պայման։

✅ Նախատեսվում է քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման պետական տուրքերի վերանայում․ 50000 և 150000 դրամի փոխարեն կսահմանվի 250000 և 1500000 դրամ տուրք։

✅ Նոյեմբերի 1-ից նախատեսվում է սկսել կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Գործող ոչ կենսաչափական անձնագրերը կշարունակեն գործել մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան ցանկության դեպքում գործող անձնագիրը փոխարինել կենսաչափականով նաև մինչև դրա վավերականության ավարտը։

✅ Հայաստանն իրականացնում է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը՝ կառավարության կողմից ստանձնած հանձնառությունների շրջանակում։ Գործողությունների ծրագրի իրականացումը նախատեսվում է ապահովել մինչև 2029 թվականը։

Նմանատիպ գրառումներ