Հոկտեմբերի 1-ին Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը։

Խորհրդի նիստից առաջ ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել էր Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։

ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցում էին ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարները, տեղակալները, ԱՊՀ անդամ պետություններում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցատեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրինությունը, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։

Օրակարգում ընդգրկված էին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների գրանցման և գրանցումից հանման, վարորդական իրավունքի տրամադրման վերաբերյալ տեղեկատվության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հակազդման, անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության, անձանց միջպետական հետախուզման, կիբեռհանցավորության դեմ պայքարի և այլ հարցեր։

ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը, նիստի մասնակիցներին փոխանցելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ողջույնները, ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարությունում և հատկապես Ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարում առկա մարտահրավերները՝ մասնավորապես անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ տարվող պայքարին։

Նա նաև կարևորել է օպերատիվ և վերլուծական տեղեկատվության փոխանակման ու ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարների շարունակական հանդիպումները, որոնք միտված են փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։

Օրակարգում ընդգրկված հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ։

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2027 թվականին՝ Ուզբեկստանի Հանրապետությունում։

Նմանատիպ գրառումներ