
Հոկտեմբերի 6–9-ը Շվեյցարիայում՝ Ժնևի մերձակայքում գտնվող EPES որոնողափրկարարական վարժահամալիրում, անցկացվել է EU MODEX միջազգային դաշտային վարժանքը, որին 55 ծառայողի կազմով մասնակցել է INSARAG-ի արտաքին որակավորումն անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական միջազգային թիմը։
Մինչ Շվեյցարիա մեկնելը ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հանդիպել է անձնակազմի հետ, անցկացրել հրահանգավորում և տվել համապատասխան հանձնարարականներ՝ շեշտելով առաջիկա վարժանքին պատասխանատու և կազմակերպված մասնակցության կարևորությունը։
Վարժանքին մասնակցել են նաև Հունաստանի, Իտալիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և Բելգիայի որոնողափրկարարական թիմերը։ Միջազգային ձևաչափով անցկացված վարժանքը մասնակիցներին հնարավորություն է ընձեռել կատարելագործելու համատեղ գործողությունների պլանավորման և իրականացման հմտությունները, փոխանակելու մասնագիտական փորձը և ամրապնդելու փոխգործակցությունը գործընկեր կառույցների հետ։
52 ժամ տևած վարժանքի ընթացքում հայկական թիմը ցուցադրել է INSARAG-ի չափանիշներին համապատասխան մասնագիտական պատրաստվածություն և կարողություններ՝ իրականացնելով պայմանական աղետի գոտու հետախուզման, տուժածների հայտնաբերման և փրկարարական աշխատանքներ։
Ըստ սցենարի՝ հայկական թիմի հետախուզական խումբը մեկնել է պայմանական աղետի գոտի, իրականացրել տարածքի հետախուզում և հայտնաբերել տուժածների։ Խումբը սահմանված ձևաչափով հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները և փոխանցել պայմանական աղետի կառավարման կենտրոն, որտեղից էլ ստացված տվյալների հիման վրա համապատասխան որոնողափրկարարական խմբեր ուղղորդվել են պայմանական դեպքի վայր։
Փլուզված բազմաբնակարան շենքի բնակիչներից մեկը փրկարարներին տեղեկացրել է, որ իր կինը և այլ անձինք շենքի ներսում են։ Հնարավոր տուժածներին հայտնաբերելու և նրանց տեղորոշելու նպատակով հայկական թիմը համագործակցել է միջազգային գործընկերների հետ՝ որոնողական աշխատանքներում ներգրավելով հատուկ վարժեցված որոնողափրկարարական շուն։
Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայկական թիմը փլատակներից դուրս է բերել պայմանական տուժածներին՝ ցուցադրելով բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու, մասնագիտական միջոցներն ու սարքավորումները կիրառելու և միջազգային գործընկերների հետ համակարգված աշխատելու կարողությունները։
«Վարժանքը թույլ տվեց համագործակցել մեր արտասահմանյան գործընկերների հետ, որպեսզի հարկ եղած դեպքում մեծ աղետների ժամանակ աշխատենք մեկ լեզվով։ Վարժանքն ինքնին շատ բարդ էր, կարծես եղանակային պայմանները նույնպես բարդացրել էին, որովհետև աշխատում էինք անձրևի տակ 52 ժամն էլ անձրև տեղաց։ Եվ շատ կարևոր էր, որ բարդ իրավիճակներում տղաները կարողացան այդ ամեն ինչի տակից պատվով դուրս գալ»,- նշում է ՓՈւՎ ՀՆՓԱԻԿ 2-րդ ջոկատի հրամանատար Համբարձում Վարտումյանը։
Վարժանքն ավարտվել է փակման հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում մասնակից երկրների թիմերին, այդ թվում՝ հայկական թիմին, հանձնվել են մասնակցությունը հավաստող վկայականներ։
ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանի խոսքով՝ վարժանքը լավագույն հնարավորություն էր 2028 թվականին նախատեսված հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերաորակավորմանն ընդառաջ միջազգային հարթակում ցուցադրելու թիմի մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ուսումնասիրելու և յուրացնելու միջազգային լավագույն փորձը՝ այն հետագայում վերաորակավորման վարժանքի ընթացքում կիրառելու նպատակով։
Վարժանքն անցկացվել է Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (UCPM) շրջանակում՝ Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության համակարգմամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։










