Սեպտեմբերի 5-ին Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։
Շնորհավորելով փրկարար ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքը, որը սոսկ ծառայություն չէ, այլ մարդասիրական առաքելություն։
Նախարարը կարևորել է փրկարար ծառայողների նվիրումը, անձնուրացությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը, որոնց շնորհիվ նաև կյանքեր են փրկվում։
Մասնագիտական տոնի կապակցությամբ, ինչպես և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՆԳ նախարարի հրամանով Փրկարար ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և խրախուսական այլ պարգևներով։
Կրկին շնորհավորելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը մաղթել է անփորձանք և արդյունավետ ծառայություն՝ ի բարօրություն մեր ժողովրդի և պետության։