Հոկտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող (HOPE FSX 2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի պատվիրակությունների ղեկավարներին։

Ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ վարժանքը, որը համախմբել է յոթ երկրների երեք հարյուրից ավելի փրկարարների, կարևորագույն միջոցառում է Հայաստանի տարերային և մարդածին աղետների դեմ պայքարում կարողությունների զարգացման համար։

Նախարարը բարձր է գնահատել գործընկեր երկրների աշխատանքը վարժանքի կազմակերպման գործում և հատուկ շնորհակալություն հայտնել ԵՄ բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինությանը (DG-ECHO), հյուրընկալված երկրների՝ Վրաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Հունաստանի բնակչության պաշտպանության կազմակերպություններին և պետական գերատեսչություններին, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում «Տարերային, տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» PPRD-3 ծրագրի ղեկավար կազմին՝ համագործակցության համար։

Վահե Ղազարյանն ընդգծել է, որ ամենօրյա կամավոր պատրաստվածությունն ու բարձր կարգապահությունը փրկարարական աշխատանքի կարևորագույն գործոններից են, որոնց միջոցով հնարավոր է հասնել առավել արդյունավետ գործողությունների իրականացման՝ մարդկային կյանքերի փրկության գործը դարձնելով գլխավոր նախապայման։

Նախարարը վարժանքի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում շարունակական և փոխլրացնող կլինի։

 

Նմանատիպ գրառումներ