ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 13-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում։ Ներկա էին ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը, Սյունիքի մարզային վարչության, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների ղեկավարներն ու նրանց տեղակալները, պարեկային ծառայության, հաշվառման-քննական բաժանմունքների և պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների ղեկավարները։
Ամփոփվել են 2023 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, քննարկվել են օպերատիվ իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։
Արամ Հովհաննիսյանը մատնանշել է բացթողումներն ու դրանք վերացնելու ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։ Միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար։
Նա նաև հանձնարարել է ակտիվացնել ամենօրյա պայքարը թմրամոլության և թմրաշրջանառության, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, կամավոր հանձնման ուղղությամբ։
Երթևեկության կանոնների խստագույնս պահպանման վերաբերյալ կոնկրետ ցուցումներ են տրվել պարեկային ծառայության հրամանատարությանը։
Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային այն անցակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։ Ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել իրականացվող բարեխիղճ ծառայության համար։
Նրանք այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։