
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության ենթակա ծառայությունների, Փրկարար ծառայության ղեկավար կազմի, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։
Արփինե Սարգսյանը շեշտել է Հայաստանի համար նման նշանակալի միջոցառման ընթացքում հանրային անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու կարևորությունը։
ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը նախարարին զեկուցել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ ստորաբաժանումների կողմից իրականացված և ընթացիկ միջոցառումների մասին։
Ծառայությունների ղեկավարները ներկայացրել են համաժողովի անցկացման վայրերում, հիմնական երթուղիներում և հարակից տարածքներում անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության կազմակերպման, ինչպես նաև հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Քննարկվել են ՆԳՆ ստորաբաժանումների ծառայության պատշաճ կազմակերպման, անձնակազմի կառավարման ու փոխգործակցության վերաբերյալ հարցեր։
Նախարարը ցուցումներ է տվել հասարակական կարգի պահպանման, անվտանգության ապահովման, ինչպես նաև Փրկարար ծառայության աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ճանապարհային երթևեկության սահմանափակումների վերաբերյալ ապահովել հանրության պատշաճ իրազեկումը, շարունակել մշտական կապը COP17-ի շրջանակում անվտանգության ապահովման հարցերով պատասխանատուների հետ և պարբերաբար զեկուցել անվտանգային միջոցառումների ընթացքի վերաբերյալ։



























