Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում ենք.առավոտյան խորհրդակցություն է։ Ոստիկանության ավագ լեյտենանտ Անի Նազարյանը համապատասխան հանձնարարական ստանալուց հետո շտապում է Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց՝ աշակերտների հետ հերթական իրազեկման դասընթացն անցկացնելու։ Մեր տեսանյութի հերոսուհին 2023 թ. անչափահասների գործերով լավագույն տեսուչն է։
Դպրոցի տնօրենի խոսքով՝ Անին միշտ սպասված է, դպրոց գալիս է ոչ թե որպես տեսուչ, այլ երեխաների ընկեր, ուսուցիչ ու պաշտպան։
«Անի Նազարյանի հետ մեր համագործակցությունը ստացվեց հենց առաջին օրվանից: Նրա աշխատանքը հենց սկզբից արդյունավետ էր և՛ դպրոցի, և՛ աշակերտների համար: Նրա մոտ ավելի շատ նվիրումն է, քան պարտականություն կատարելը, իսկ աշակերտները սիրով են ընդունում նրան»,-ասում է դպրոցի տնօրենը:
Դասի ընթացքում աշակերտները համակ ուշադրությամբ լսեցին, հարցեր ուղղեցին, կիսվեցին իրենց կարծիքներով։ Դասամիջոցի զանգը ոչ մեկին չմտահոգեց. զրույցը սովորականից երկար տևեց՝ ասելիքը շատ էր։ Դասի ավարտին էլ երեխաները շտապեցին կիսվել իրենց տպավորություններով։ Անի Նազարյանը մեզ համար ավելի շատ ընկեր է, քան ոստիկան՝ ասում են նրանք:
Անի Նազարյանը սպասարկում է Արմավիրի մարզի 11 դպրոց, որտեղ սովորում են ավելի քան 2000 աշակերտ։ Այն հարցին, թե ինչու ընտրեց ոստիկանի մասնագիտությունը, ասում է՝ մանկուց է սիրել համազգեստը, իսկ կրթությամբ մանկավարժ լինելը իրեն օգնում է երեխաների հետ աշխատելիս։
«Երեխաների հետ աշխատելը և՛ հեշտ է, և՛ բարդ, նրանց հետ պետք է անհատական մոտեցումներով աշխատել»,-ասում է Անի Նազարյանը:
Դպրոց այցից հետո մեկ այլ ահազանգ. այս անգամ ընտանեկան բռնության հետքերով Անին շտապում է դեպքի վայր՝ պարզելու հանգամանքները։
Անիի ղեկավարության խոսքով՝ նա ունի դրական ծառայողական բնութագիր, վայելում է անձնակազմի հարգանքը, բանիմաց է:
«Անի Նազարյանը գրեթե ամեն օր լինում է իր կողմից սպասարկվող դպրոցներում, պարբերաբար անցկացնում է իրազեկման դասընթացներ, որոնց արդյունքում 2023 թվականին միջադեպեր չեն արձանագրվել այդ դպրոցներում: 2023 թ. ընթացքում նրա նախաձեռնությամբ նաև բացահայտվել են բազմաթիվ հանցագործություններ »,-ասում է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:
Ոստիկանության մայոր Նարեկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ Անի Նազարյանը մեծ աշխատանք է կատարում նաև մուրացիկ, թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման ուղղությամբ՝ նրանց հետ իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ: «Բացի անչափահասների հետ տարվող աշխատանքներից, Անի Նազարյանը աշխատանքներ է իրականացնում նաև ընտանեկան բռնության դեպքերով. կանխարգելիչ բնույթի զրույցներ է անցկացնում ինչպես բռնության ենթարկված, այնպես էլ բռնության ենթարկող անձանց հետ»,- ասում է Նարեկ Ավետիսյանը:
Իր կատարած աշխատանքի մասին Անին երկար խոսել չցանկացավ.
ասում է՝ չեմ սիրում ինքս ինձ գնահատել, միայն պատմեց, թե ինչպես է իմացել, որ ընտրվել է նախորդ տարվա անչափահասների գործերով լավագույն տեսուչ. «Ինձ համար այդ լուրը շատ ուրախալի էր և շատ պարտավորեցնող»:
Անի Նազարյանն իր բարեխիղճ ծառայությամբ ապացուցում է՝ երբ աշխատանքդ սիրով ու նվիրումով ես կատարում, առանց գնահատականի ակնկալիքի, գնահատականը երբեք չի ուշանում: