«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 8-ի նիստում:
Համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնելու համագործակցությունն անդրազդային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի եւ այլ ոլորտներում: Այս մասին հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու հավելել, որ կարեւոր ձեռքբերում կլինի ՆԳՆ եւ Եվրոպոլի փոխգործակցությունը: Այդ դեպքում ՆԳՆ-ն հանդիսանում է ոչ թե Կառավարության առանձին անդամ, այլ ՀՀ իրավապահ համակարգի միասնական ներկայացուցիչը Եվրոպոլի հետ միասնական համագործակցության շրջանակում: Կնշանակվի Եվրոպոլի հետ համագործակցության կապի սպա, որը կապահովի տեղեկատվության փոխանակումն ու հետադարձ կապը հայկական իրավապահ համակարգի եւ Եվրոպոլի միջեւ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը մանրամասնել է, թե վավերացնելուց հետո ինչ ծավալով են օգտագործվելու համաձայնագրի հնարավորությունները: Փոխնախարարը նշել է, որ գործնականում մեկնարկել են ներդաշնակեցման գործընթացներն ու հավելել. «Մեր կապի սպան, որը կներկայացնի ՀՀ իրավապահ համակարգը, Նիդերլանդներում կունենա նստավայր, որի միջոցով Եվրոպոլը կպարտավորվի ապահովել անվտանգ կապուղու համար անհրաժեշտ թե՛ ենթակառուցվածքները, թե՛ մնացյալ բոլոր համալրող սարքավորումները: Ամբողջ գործընթացն իրականացվելու է Եվրամիության հաշվին: Համանման ենթակառուցվածք կունենանք նաեւ ՆԳ նախարարության շենքում: Կապի սպան կունենա հասանելիություն իրավապահ համակարգի բոլոր դատաբազաներին, ինչը հնարավորություն կտա ապահովելու փոխգործակցությունը ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ: Սա կապահովի 24/7 ռեժիմով սահուն համագործակցություն Եվրոպոլի եւ ՀՀ-ի միջեւ»:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը եւս կարեւորել է համաձայնագրի ընդունումը: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ Եվրոպոլի գործունեության բովանդակությունը հետախուզական-վերլուծական է: Ի տարբերություն Ինտերպոլի, որը ոստիկանական լիազորություններով օժտված մարմին է, Եվրոպոլը չունի ձերբակալելու եւ հարցաքննելու լիազորություններ:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

 

««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 8-ի նիստում:
Հուշագրով կարգավորվում են անվտանգ կապուղու ենթակառուցվածքների հետ կապի, ինչպես նաեւ կապի սպայի նշանակման հետ կապված հարցերը:
Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ կապի սպան Եվրոպական միության եւ Եվրոպոլի հետ որեւէ աշխատանքային հարաբերություններ չի հաստատում: Նա ՀՀ լիիրավ ներկայացուցիչ է իրավապահ համակարգի անունից եւ հանդիսանում է ՀՀ աշխատակից:
Փոխնախարարը նշել է, որ հուշագիրը միտված է լրացնելու «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագիրը:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ հուշագրով նախատեսվում է տեղեկությունների արագ փոխանակման համար ստեղծել անվտանգ կապուղիներ ՀՀ ՆԳ եւ Եվրոպոլի միջեւ: Ըստ պատգամավորի՝ կապուղու անվտանգության ապահովումը Հայաստանի պատասխանատվության գոտում նշանակում է արդյունավետ հակազդեցություն հետախուզական ներթափանցմանը, չարտոնված արտահոսքի, կապուղու վրա արտաքին ապակառուցողական ազդեցության, տեղեկությունների փոփոխության նենգափոխման, ինչպես նաեւ երրորդ կողմին տեղեկությունները չարտոնված փոխանցման կանխում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Նմանատիպ գրառումներ