Օրերս ՆԳ նախարարության կրթահամալիրում համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։
Ողջունելով վերապատրաստման մասնակիցներին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում համայնքային ոստիկանների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ստացած գիտելիքներն արդյունավետ կիրառել գործնականում։ Նա նշել է համայնքային ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ամբողջական վերանայման ընթացիկ աշխատանքների մասին, որի հիման վրա տարածքներում համայնքային բոլոր ոստիկանները լինելու են բազմաֆունկցիոնալ և զբաղվելու են նաև ընտանեկան բռնության կանխարգելմամբ: Փոխնախարարը հորդորել է առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը, որի արդյունքներով ծառայողների հետ համատեղ պետք է գծագրվի հաջորդ փուլի վերապատրաստման օրակարգը:
Անդրադառնալով ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համատեղ նախաձեռնության շրջանակում մշակված «Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արձագանքման կանոննների» ուղենիշային ձեռնարկին՝ փոխնախարարը հույս է հայտնել, որ այն համայնքային ծառայողներին կօգնի ընտանեկան բռնության դեմ պայքարի բազային հենք ձևավորելու և հետագայում աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու գործում։
Ծովինար Հարությունյանն ընդգծել է վերապատրաստման գործընթացում փորձագիտական ներուժի կարևորությունը՝ նշելով համայնքային ոստիկանների հետ դասընթացավարների ակտիվ աշխատանքի, ինչպես նաև դասընթացի վերաբերյալ առաջարկություններ ընդունելու պատրաստակամության մասին։
Երկամսյա վերապատրաստման շրջափուլի ընթացքում դասընթացին մասնակցում է մայրաքաղաքի և մարզերի 1800 համայնքային ոստիկան, ինչն աննախադեպ է:
Վերապատրաստումներն անցկացնում են իրավաբան փորձագետներ և պետության կողմից պատվիրակված ծառայություններ մատուցող աջակցման կենտրոնների մասնագետներ։
«Դասընթացից առաջ ունենք նախագնահատման թեստեր, որոնք լրացվում են մասնակիցների կողմից, ունենք նաև նմանատիպ թեստեր, որոնք հետգնահատման են արդեն և դասընթացի ավարտին են կազմվում: Սա շատ լավ գործիք է, վարժություն, հնարավորություն՝ բոլորիս համար, որպեսզի կարողանանք արձանագրել, թե ինչ առաջընթաց են գրանցել դասընթացի ընթացքում և ինչ արդյունավետություն է ապահովելու դասընթացը»,-նշել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրերի համակարգող Թագուհի Հարությունյանը:
Դասընթացի նպատակն է համայնքային ոստիկաններին ներկայացնել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի դրույթները, ինչպես նաև զարգացնել բռնության դեպքերին արձագանքելու և կանխարգելելու կարողությունները:
Հիշեցնենք, որ «Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը կանխարգելելու, դրանց արձագանքելու, ուղղորդելու մեխանիզմներն ու առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացը մեկնարկել է հուլիսի 1-ից։
Այն իրականացվում է Ներքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատվիրակված ծառայություն մատուցող աջակցման կենտրոնների հետ համագործակցությամբ։
Հուլիս–օգոստոս ամիսներին իրականացվելու է 70 հանդիպում, որից 20-ը՝ մայրաքաղաքում, մյուսները՝ մարզերում։
Նմանօրինակ վերապատրաստումները շարունակական են։ Վերապատրաստումների 2-րդ փուլի մեկնարկը նախատեսվում է այս փուլի ավարտից կարճ ժամանակ անց՝ նպատակ ունենալով թիրախավորել ավելի նեղ մասնագիտական թեմաներ: