Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային երկրորդ՝ ընդլայնված կազմով քննարկումը։

Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ռազմավարական փաստաթղթով Ներքին գործերի նախարարությունն առաջ է քաշել հանրային անվտանգության և հանրային առողջապահության ոչ թե հակադրման, այլ հավասարակշռման սկզբունքով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի քաղաքականությունը։

Սարգսյանը նշել է, որ նախագծով մեծ ուշադրություն է դարձվել անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չափաշահման կանխարգելմանը։ Շեշտադրվել է, որ նախագծային բոլոր ուղղություններով անցնում է կրթական բաղադրիչը, այդ թվում՝ իրավապահ համակարգի կարողությունների զարգացման, հանրակրթական հաստատություններում առողջ ապրելակերպի ուսուցման ձևաչափի վերափոխման, ծնողական և ուսուցչական կազմի իրազեկվածության բարձրացման, անչափահասների և երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացման մեթոդաբանության փոփոխության մասով, որը շատ հաճախ պրակտիկայում առավել շատ գովազդային, քան կանխարգելիչ ազդեցություն է թողնում։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը՝ թմրամիջոցների դեմ պայքարում բաց և համագործակցային մոտեցման համար։ Կարևորվել է ռազմավարական ուղղությունների հետևողական կենսագործումը։

Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում, որի արդյունքներով նախագիծը կբերվի վերջնական տեսքի։

Հանրային քննարկումը համատեղ կազմակերպվել է ՆԳ նախարարության և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից։

Նմանատիպ գրառումներ