Առաջին ալիքի «Լուրերն» անդրադարձել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ու ՀՀ ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորմանը, որի արդյունքում կձևավորվի ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն։ Նոր բուհի կրթական գործունեությունն ուղղված կլինի ՆԳՆ ենթակայությամբ գործող մարմինների կադրային կարիքների բավարարմանը:
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ կրթության նոր մոդելը հնարավորություն կտա պրակտիկայում ապահովել փոխլրացնող և գրագետ աշխատանք։ Մասնավորապես՝
• օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է հայեցակարգային փոփոխություն մտցնել թե՛ ոստիկանների, թե՛ փրկարար ծառայողների կրթության կազմակերպման գործընթացում,
• կառավարման միասնական արդյունավետ մոդելի շնորհիվ նոր ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը կներդաշնակեցվեն ՆԳ նախարարության վարած քաղաքականությանը,
• կներդրվի շարունակական կրթության մոդելը՝ նախնական, միջին և բարձրագույն կրթական ձևաչափը։ Համակարգում ցանկացած առաջխաղացում հնարավոր կլինի համապատասխան կրթական խողովակով անցնելու պայմանով,
• հաշվի առնելով, որ նոր կրթահամալիրը որպես մասնագիտացված բուհ կգործի նախարարության ենթակայությամբ՝ կառավարման խորհրդի կազմում կընդգրկվեն թե՛ ՆԳՆ ղեկավար կազմի, թե՛ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ,
• նորաստեղծ կրթահամալիրի ռեկտորը կհանդիսանա քաղաքացիական անձ։ Անցումային ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարը մեկ տարով կնշանակվի ռեկտորի պաշտոնակատար, ընթացքում կհայտարարվի ռեկտորի մրցույթ։