Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 28-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկը։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է թվայնացնել քաղաքացիությանն առնչվող ծառայությունները։
Արմեն Ղազարյանի խոսքով՝ հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային նույնացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը և այլն՝ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն:
Օրենսդրական փաթեթով հնարավորություն է ընձեռվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով: Դիմումատուն կկարողանա նախօրոք տեսնել իրեն առնչվող տեղեկությունները և մինչև գործի հետագա ընթացքը կատարել անհրաժեշտ քայլեր։
Փոխնախարարն ընդգծել է, որ էլեկտրոնային ընթացակարգով գործի վարումը կարագացնի նաև վարչարարական գործընթացները, քանի որ քաղաքացիության շնորհման և դադարեցման վարույթներում ընդգրկված բոլոր պետական մարմինները հասանելիություն են ունենալու նշված ծրագրին: Հարցումները ստացվելու են ու պատասխանները տրվելու են առցանց, վարույթային մի շարք գործընթացներ համակարգն իրականացնելու է ինքնաշխատ, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերի արագ վարելուն և թողունակության բարձրացմանը:
«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը և սահմանել համապատասխանաբար 50 000 և 150 000 դրամ՝ համապատասխանաբար 1000 և 25 000 դրամի փոխարեն: Գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում որևէ վերանայման չեն ենթարկվել: Վերոնշյալ պետական տուրքից ազատված կլինեն փախստականները, այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք:
Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը, կարևորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, նշել է, որ այդպիսով կհեշտացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու ընթացակարգերը: