ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 22-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի զեկույցի երկրորդ քննարկմանը։ Ներկա էին նաև շահագրգիռ կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Զեկույցում անդրադարձ է կատարվել վերջին չորսուկես տարիներին տեղի ունեցած զարգացումներին, մասնավորապես՝ մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչպես նաև այն խոչընդոտներին և մարտահրավերներին, որոնց մեր երկիրն առնչվել է իր կողմից մշակված քայլերը կամ ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելիս:
Առանձնակի ուշադրություն է դարձվել ՀՀ վարչապետի՝ 2024 թ. նոյեմբերի 18-ի թիվ 1031-Ա որոշմանը, համաձայն որի՝ Հայաստանում ներդրվել է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմ:
Ակտիվ քննարկում է ծավալվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերի շուրջ: Մասնավորապես քննարկվել է նախորդ դիտարկման ընթացքում Հայաստանի կողմից ընդունված հանձնարարականների իրականացման ընթացքը, անդրադարձ է կատարվել քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների, ինչպես նաև պաշտպանության կարիք ունեցող առանձին խմբերի իրավունքներին վերաբերող հարցերին:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Զեկույցի նախագծի վերաբերյալ հանդես են եկել մի շարք մեկնաբանություններով և լրացումներով:
Հարթակում ընդգրկված են գործադիր, օրենսդիր և դատական համակարգի ներկայացուցիչներ. այն բաց է նաև Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության համար: