ՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։

Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդները։

Գործընթացին հետևել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ Ոստիկանության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով ՆԳՆ կրթահամալիր։
Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների և դիմորդների հետ՝ անձամբ գնահատելու նրանց պատրաստվածության և մոտիվացիայի մակարդակը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ոստիկանությունում ծառայելը պարզապես աշխատանք չէ, այլ գիտակցված ընտրություն, որը պահանջում է բարեվարքության բարձր մակարդակ և պատասխանատվություն։

Նախարար Սարգսյանը կարևորել է դիմորդների բազմակողմանի գնահատումը, այդ թվում՝ հաղորդակցության հմտությունները, հոգեբանական կայունությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը։ «Անհրաժեշտ է, որ պարեկներն ունենան տարբեր իրավիճակներում ճիշտ և արագ որոշումներ կայացնելու ունակություն՝ պահպանելով բարեկրթություն և հանդուրժողականություն»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։
Ընտրող հանձնաժողովների կազմը ներառական է․ ներգրավված են Ոստիկանության, պետական այլ կառույցների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներ և հոգեբաններ։

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, որը նաև ընտրող հանձնաժողովներից մեկի նախագահն է, մանրամասնել է ապագա պարեկների կողմից ոչ ստանդարտ իրավիճակներում մոտեցումների կարևորությունը, նրանց ունակություններն ու կարողությունները գնահատելու չափորոշիչները։

Ընդունելության գործընթացը թափանցիկ է, իսկ չափորոշիչները՝ խիստ, բայց հաղթահարելի։
Պարեկային ծառայությունում ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 239 տեղ, որոնցից 190-ը նախատեսված են իգական սեռի դիմորդների համար։

Նմանատիպ գրառումներ