Հունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։

Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։
Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումն էական խթան կլինի ոստիկանների մասնագիտական պատրաստվածության զարգացման գործում։
Հրաձգարանի ներդրման հիմքում ընկած է միջազգային լավագույն փորձը. նմանատիպ հրաձգարաններ արդեն հաջողությամբ գործում են Միացյալ Նահանգների իրավապահ կառույցներում։

Համակարգը սցենարային է՝ նախատեսված տարբեր իրավիճակների վերարտադրման միջոցով ծառայողների գործնական հմտությունների, վարքականոնների, ինչպես նաև արագ կողմնորոշման ունակությունների զարգացման համար։ Այն ադապտիվ է և հնարավորինս մոտ իրական պայմաններին։
Հատուկ ածխաթթու գազի սրվակով լազերային փողը թույլ է տալիս ստանալ զենքի հետհարվածի զգացողություն՝ ստեղծելով իրական կրակոցի տպավորություն։

Միջոցառման ավարտին կրակային պատրաստվածության դասընթացներն անցած և հրահանգչի համապատասխան որակավորում ստացած մասնակիցները փոխնախարարի և փոխդեսպանի կողմից ստացել են հավաստագրեր։
Սիմուլյացիոն հրաձգարանի ֆինանսավորումն իրականացրել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը։

Նմանատիպ գրառումներ