Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։
✔️ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ այն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում: Ըստ նախագծի՝ պարեկային ծառայողի կողմից վարորդին նույնականացնելու և նրա վարորդական վկայական ունենալու փաստը հաստատելու դեպքում անձի նկատմամբ չի կիրառվի առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված տույժը։
Առաջարկվում է սահմանել ևս մեկ կարգավորում․ քաղաքացին վճարի դիմաց կարող է ստանալ արագացված ծառայություններ։ Մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար, վճարելով 30.000-45.000 դրամի սահմաններում պետական տուրք, վարորդի թեկնածուն կարող է ընտրել քննությունը հանձնելու իր նախընտրած օրը։
Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից:
✔️ՆԳՆ օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության պետական ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, և պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության պետական ռեգիստրից:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարբեր տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացմամբ։ Ըստ նրա՝ նոր օրենքի ընդունումը հնարավորություն կտա` ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորում, որակյալ ծառայությունների մատուցում, անձանց իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և անձի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացում:
✔️Ընդունվել է նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ներկայացրած՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է հանել ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը:
Նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ նախագծով հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս, այլ՝ երկու ամիս անց:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել Համայնքային ոստիկանությունն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը, լավարկել ոստիկանությունում ծառայության անցնելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացները: Բացի այդ, ընդլայնվում են նաև սահմանային տարիքը լրանալուց հետո ոստիկանությունում ծառայությունը երկարաձգելու հնարավորությունները։
✔️«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» մեկ այլ նախագծով սահմանվում է կարգավորում, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)՝ այլ երկրներում ստացած և Վիեննայի համապատասխան կոնվենցիայով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները ՀՀ մուտք գործելու պահից մինչև երեք ամիս ժամկետով ճանաչել գործող:
✔️ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ներկայացրած՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքի կատարումը նախատեսել որպես հանցագործություն: Առաջարկվում է որոշ սանկցիաների մասով խստացնել քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված արարքների համար պատասխանատվությունը:
Օրենքը կլավարկի տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու պարագայում վարորդին իրազեկելու գործիքակազմը, կհստակեցվի ոստիկանության կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացման իրավունքը:
Նախատեսվում է նաեւ արգելել 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը, նշված անձանց այդ առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավելը, ինչպես նաև տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց կողմից դրանք կրելը։