Ինչպե՞ս կառավարել հույզերը, որո՞նք են սթրեսի հաղթահարման մեթոդները, ի՞նչ անել լարված իրավիճակներում․․․ այս և բազմաթիվ այլ հարցեր ձևավորեցին պարեկային ծառայողների հաղորդակցման մշակույթի կատարելագործմանն ուղղված հերթական ոչ ֆորմալ հանդիպման օրակարգը։

Բանախոսը ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս Դավիթ Գևորգյանն էր։

Փորձառու հոգեբանը պարեկային ծառայողներին օգնեց բացահայտել, թե ինչպես պահպանել ինքնատիրապետումն ու արձագանքել տարբեր իրավիճակների։ Կիրառական վարժությունների միջոցով ներկաները յուրացրին գործնական մոտեցումներ, որոնք կօգնեն նրանց զարգացնել հաղորդակցման հմտություններն ու պահպանել հուզական կայունություն նույնիսկ սթրեսային իրավիճակներում։

Հանդիպման ընթացքում ներկաները վերլուծեցին իրական դեպքեր, առաջարկեցին իրավիճակների կառավարման տարբերակներ և ստացան մասնագիտական խորհրդատվություն։

ՆԳ նախարարության նախաձեռնության շրջանակում նմանօրինակ հանդիպումները շարունակվում են։

Նմանատիպ գրառումներ