2025 թվականի հոկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացել են ՀՀ-ԵՄ հետընդունման (ռեադմիսիայի) հարցերով
համատեղ կոմիտեի 10-րդ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ
կոմիտեի 8-րդ նիստերը։
ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի նիստը համանախագահում էին ՀՀ ՆԳ փոխնախարար
Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի գլխավոր տնօրինության Անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի հետընդունման բաժնի պետ Սիլվենա Պեստան։
Նիստերին մասնակցում էին ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Ներքին գործերի նախարարության, Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ԵՄ անդամ պետությունների համապատասխան կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ արտաքին սահմանների և առափնյա սահմանապահ գործակալություն (Frontex) աշխատակիցներ։
Նիստերի ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ և ՀՀ միգրացիոն քաղաքականությունների վերջին զարգացումները, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը, ներկայացրել են հետընդունման համաձայնագրի կիրարկման ընթացքը, վիճակագրական տվյալները և առկա խնդիրները։
Քննարկվել են համաձայնագրի կատարման արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական և բովանդակային հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում վերաինտեգրման աջակցության ծրագրերին, դեպի Հայաստան կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, այդ թվում՝ անօրինական միգրացիայի կանխարգելման նպատակով իրականացվող իրազեկման միջոցառումներին։
Եվրոպական կողմը բարձր է գնահատել համագործակցությունը հայկական կողմի հետ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերն ու արձանագրված առաջընթացը։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված Հայաստան–ԵՄ հետընդունման և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերի հետագա արդյունավետ կիրառմանը։
2025թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Յոհաննես Լուխներին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի առաջիկա քայլերը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ մուտքի ազատականացման գործողությունների ծրագրի վերջնականացման և փաստաթղթի հայկական կողմին տրամադրման հետ կապված հարցերը։