Մեկնարկել է ապագա պարեկների մասնագիտական պրակտիկան: Ուսուցման տեսական փուլը հաղթահարած 110 սովորող հոկտեմբերի 27-ից անցնում է մասնագիտական պրակտիկա՝ գիտելիքները վերածելով գործնական հմտությունների։

ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման բազային և սպայական կրթության դեպարտամենտի պետ Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ «Մասնագիտական պրակտիկան ներկայացված է երկու ձևաչափով. մի դեպքում պրակտիկան անցնում են Պարեկային ծառայությունում՝ ներգրավված լինելով արտաքին ծառայությանը, մյուս դեպքում պրակտիկան կազմակերպվում է կրթահամալիրում»:

Բարձր ռիսկային մեքենաներ կանգնեցնելուց մինչև ընտանեկան բռնության դեպքերին արձագանքում, ինքնասպանության կանխում… Ապագա պարեկները զարգացնում են մասնագիտական հմտությունները՝ պատրաստ լինելով իրավիճակների հնարավոր զարգացման։

«Սցենարային իրավիճակները հնարավորինս մոտարկված են իրական դեպքերին, որոնք Պարեկային ծառայողներն արձագանքում են ամեն օր»,-նշում է սցենարային իրավիճակների կառավարիչ, մարտավարության հրահանգիչ Վահե Գևորգյանը:

Փորձնակ պարեկ Արամ Սահակյանի խոսքով՝«Սցենարային իրավիճակները մեզ կոնկրետ գիտելիքներ են տալիս, իսկ իրադրությունը թելադրում է կողմնորոշվել, հասկանալ տվյալ իրավիճակում ինչ գործողություններ, անձանց հետ շփվելու ինչ հմտություններ են պետք, որովհետև իրավիճակներն ու մարդկանց խառնվածքները տարբեր են»:

Ձեռք բերված գիտելիքները վերածվում են փորձառության, երբ սովորողները միանում են պարեկային կարգախմբերին՝ ներգրավվելով շուրջօրյա ծառայությանը։ Այսպիսի յուրաքանչյուր հերթափոխ ապագա պարեկի համար հնարավորություն է՝ գործելու իրական միջավայրում, զգալու ծառայության ռիթմն ու պատասխանատվությունը։

«Պրակտիկան շատ հետաքրքիր է անցնում. ծանոթանում ենք ծառայության առանձնահատկություններին: Պրակտիկան մեզ տալիս է տեսնելու, գործելու հնարավորություն, ամրապնդելու մեր գիտելիքները»,-ասում է փորձնակ պարեկ Հրանտ Պետրոսյանը:

Գործող պարեկներն իրենց փորձն են փոխանցում սովորողներին՝ ուղղորդելով նրանց յուրաքանչյուր գործողության ընթացքում։

«Սկսած խաչմերուկների կարգավորումից, վթարների ձևակերպումից մինչև քաղաքացիներին օգնելու, նրանց արձագանքելու հետ կապված գործողությունները՝ ներգրավում ենք փորձնակ պարեկներին, բացատրում ենք, պատասխանում ենք հարցերին, որպեսզի հետագայում հնարավորինս արագ ինտեգրվեն ծառայությանը»,-ներկայացնում է ՊԾ Երևանի գնդի ծառայող Հրաչյա Սարդարյանը:

Մասնագիտական պրակտիկային կհաջորդի ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը, որը հաջողությամբ հաղթահարածները կհամալրեն Պարեկային ծառայության շարքերը:

Նմանատիպ գրառումներ