Սեփական ուժերին մարտահրավեր նետելը հեշտ չէ։ Սակայն երբ հիմքում ոչ թե անձնական հաղթանակի, այլ պետությանը ծառայելու ձգտումն է, այն պայքարից վերածվում է առաքելության, իսկ այդ առաքելությունը լավագույնս իրագործելու կարևոր նախապայման է ներքին համոզմունքը, որ հենց դո՛ւ ես պատասխանատու անվտանգ, կայուն ու վստահելի միջավայրի ապահովման համար։

Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկ Արման Ղուկասյանը լավ գիտի՝ ինչ է կարգուկանոնը, և դա գիտի ոչ միայն ծառայության օրինակով, այլև սպորտի։ Չորս տարեկանից զբաղվում է մարտական սամբո սպորտաձևով։ Արմանի համար սամբոն պարզապես մարզաձև չէ, այլ դպրոց, որտեղ ձևավորվել են կամքը, նպատակասլացությունը և պատասխանատվությունը։ Հենց այդ արժեքներով էլ հետագայում ընդունվեց Պարեկային ծառայություն՝պաշտպանելու հասարակական կարգը նույն ոգով, որով հաղթահարում է մարզական մարտահրավերները։

Արման Ղուկասյանի համար ծառայությունն ու սպորտը հավասարակշռված նժարի երկու կողմերն են՝ ուժ, կարգապահություն ու պատասխանատվություն թե՛ համազգեստով, թե՛ համազգեստից դուրս։ Արմանը վստահեցնում է՝ ծառայությունն իրեն ավելի է կոփել որպես անհատի, որի առաքելությունը մարդկանց կողքին լինելն է։ Հիշում է՝ եղել է մի ահազանգ, ինչից հետո տպավորվել է նաև փրկարար ծառայության աշխատանքով. «Ահազանգ ստացանք, որ Մարգահովիտ գյուղում խոտի հակեր էին այրվում (մոտ 250-300 հակ): Առաջին կարգախումբը մենք էինք, հասանք դեպքի վայր ու դույլերով սկսեցինք ջուր լցնել կրակի վրա, հանգցնել։ Մարդկանց օգնելը, նրանց կողքին լինելը ինձ շատ ոգեշնչեց»։

Արման Ղուկասյանը նաև մարտական ճանապարհ է անցել։ Ռազմական փորձառությունը ևս ազդել է մտածողության ու աշխարհայացքի ձևավորման վրա։ Այժմ որպես պարեկ նա ծառայության է դուրս գալիս զգոնության, սառնասրտության և կայունության հարուստ պաշարով, իսկ որպես մարզիկ շարունակում է կոփել ոչ միայն մարմինը, այլև կամքը՝ իբրև հավատարիմ զինվոր թե՛ սպորտի, թե՛ հայրենիքի առաջ։
Տարիների հետևողական աշխատանքի արդյունքում Արմանը 2018 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի, իսկ 2019-ին՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ 2024 թվականին, արդեն ներկայացնելով ՆԳՆ կրթահամալիրը, կրկին դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Արման Ղուկասյանը պարեկի համազգեստը կրում է նույն հպարտությամբ, ինչպես սպորտային հագուստը։ Երկուսն էլ պահանջում են ուժ, կարգապահություն և նվիրում։ Մեկը կոփում է մարմինը, մյուսը՝ բնավորությունը, և արդյունքում երկուսն էլ ձևավորում են անհատին, որի գլխավոր նպատակն է լինել այնտեղ, որտեղ իր կարիքն ամենից շատ կա։

Նմանատիպ գրառումներ