Քրեական և Համայնքային ոստիկանություններում ընդունելություն-մրցույթի հարցազրույցների փուլը շարունակվում է։ ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 17-ին ՆԳՆ կրթահամալիրում հետևել է ընթացքին։

Հանձնաժողովների կազմում ընդգրկված են Քրեական և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների, ՆԳ նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեբաններ։

Ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պատրաստվածության համալիր ստուգման փուլերը հաղթահարած դիմորդները հարցազրույցի փուլում ներկայացրել են մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու ծառայողական փորձը՝ առանձին դեպքերի նկարագրությամբ։ Գնահատվել է դիմորդների իրավիճակային մտածողությունը, որոշումներ կայացնելու կարողությունը, ինչպես նաև հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտությունները։

«Հարցազրույցները միտված էին բացահայտելու, թե դիմորդները որքանով են պատրաստ իրականացնելու այն աշխատանքը, որը սպասվում է իրենց։ Ունենք թե՛ ոստիկանական համակարգում ծառայող, թե՛ քաղաքացիական դիմորդներ, որոնք որոշակի պատրաստություն անցնելուց հետո կարող են համալրել ոստիկանության շարքերը»,-նշում է հոգեբան Լիլիթ Կարապետյանը։

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ լինում են այնպիսի թեկնածուներ, որոնք իսկապես համապատասխանում են չափորոշիչներին, սակայն կան նաև թեկնածուներ, որոնք դեռ սովորելու կարիք ունեն։

Հարցազրույցի այս փուլում հանձնաժողովի անդամները ստուգում են դիմորդների պատրաստվածությունն ու ոստիկանությունում ծառայության պահանջներին համապատասխանությունը։

Ընդունելություն-մրցույթի արդյունքում ՆԳՆ ոստիկանության ծառայողների համար ստեղծվում են մասնագիտական աճի, ծառայողական փորձը այլ ստորաբաժանումներում կիրառելու, ինչպես նաև առաջխաղացման նոր հնարավորություններ՝ նպաստելով անձնակազմի կարողությունների արդյունավետ օգտագործմանն ու համակարգի շարունակական զարգացմանը։

Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կրթահամալիրում կանցնեն հատուկ վերապատրաստում և կնշանակվեն համապատասխան պաշտոնների:

Նմանատիպ գրառումներ