
Ոստիկանությունում ծառայությունն ու մարտարվեստը առաջին հայացքից թեև տարբեր ուղղություններ են, սակայն երկուսն էլ հիմնված են նույն արժեքների վրա՝ խիզախություն, կարգապահություն և պատասխանատվություն։ Առաջինի հիմքում հասարակության անվտանգության ապահովման գաղափարն է, երկրորդի դեպքում՝ ինքնակատարելագործման։ Այս սկզբունքների համադրությունն էլ ձևավորում է համայնքային ոստիկանի կերպարը՝ հավասարակշիռ, նպատակասլաց և մարդակենտրոն։
Այդ կերպարը ձևավորողներից է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայող Հմայակ Գալստյանը։ Ազնվությունն ու աշխատասիրությունը եղել են նրա դաստիարակության հիմքում, իսկ ծառայության ռիթմին վաղուց էր ծանոթ․ ընտանիքում այլ ծառայողներ ևս կային, որոնց օրինակով էլ ոգեշնչվել էր պատասխանատու և հանրօգուտ ճանապարհ ընտրելիս։
«Ոստիկանությունում ծառայում եմ 2017 թվականից։ Միշտ սիրել եմ ծառայությունը, համազգեստը: Ոտիկանության կրթահամալիրում սովորելուց հետո ծառայության եմ անցել Մարաշի բաժնում։ Եղբայրներս էլ են Ոստիկանության ծառայողներ։ Ծառայության մեջ դժվարություններ կան. ծառայել եմ Հայկական բանակում և ծանոթ եմ դժվարություններին: Բայց եթե ինչ-որ նպատակ ես դնում, արդեն դրանց ուշադրություն չես դարձնում»,-ասում է Հմայակ Գալստյանը: Նրա համար յուրաքանչյուր աշխատանքային օր ոչ թե պարտականություն է, այլ նոր հնարավորություն՝ ծառայության միջոցով արտահայտելու կարգապահությունն ու հոգատարությունը։ Նրա համոզմամբ՝ համայնքային ոստիկանը պետք է լինի քաղաքացիների կողքին՝ իր ծառայությամբ ապացուցելով, որ իրական անվտանգությունը սկսվում է մարդկային ջերմ հարաբերություններից և փոխվստահությունից։
Մեծ նշանակություն տալով անչափահասների հետ շփմանը՝ Հմայակ Գալստյանը պարբերաբար այցելում է դպրոցներ, որտեղ ծառայակից ընկերների հետ աշակերտներին ներկայացնում են օրինահարգ վարքագծի, քաղաքացիական պատասխանատվության կարևորությունը։ Այդ հանդիպումները, ըստ Հմայակ Գալստյանի, նաև հնարավորություն են հասկանալու, թե ինչ է հետաքրքրում դպրոցականներին, ինչ հարցեր ու մտահոգություններ ունեն և ինչպես կարելի է աջակցել նրանց ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ ընտրության հարցում։
Զգեստապահարանում կողք-կողքի իրենց տեղն ունեն ոստիկանական համազգեստը՝ վկայելով նրա ծառայողական պատասխանատվության մասին, զինվորական համազգեստը՝ հիշեցնելով անցած ռազմական ուղին, և կիմանոն՝ արտահայտելով ներքին խաղաղությունն ու ինքնակառավարման արվեստը։ Երբ ծառայությունն ավարտվում է, ոստիկանական համազգեստին փոխարինում է մարզականը։ Հմայակի կյանքում թաեքվանդոն ոչ թե պարզապես մարզաձև է, այլ մտածելակերպ, գործելաոճ։ Նա վստահ է, որ տարիների ընթացքում զբաղվելով սպորտի այս տեսակով՝ կոփվել է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն․ մարզումները սովորեցրել են վերահսկել հույզերն ու զգացմունքները, գործել սառնասրտորեն և լինել հավասարակշիռ։
«Առաջին անգամ մասնակցել եմ Հայաստանի բաց առաջնությանը, որին մասնակցում էին նաև մարզիկներ Վրաստանից ու Իրանից։ Այդ ժամանակ զբաղեցրել եմ երրորդ մրցանակային տեղը, իսկ հետո ավելի ուշ տեղի ունեցած Հայաստանի առաջնությանը առաջին տեղն եմ զբաղեցրել»,-հիշում է Հմայակ Գալստյանը:
Պարգևների ու մեդալների մեջ իր ուրույն տեղն ունի «Արիության» մեդալը, որը Հմայակ Գալստյանի կյանքում ամենակարևոր գնահատականներից է։ Բացի ծառայությունից, նա նաև հաջողություններ է գրանցել սպորտում՝ դառնալով Հայաստանի հնգակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մրցանակակիր։ Նա համոզված է, որ ծառայության ընթացքում ֆիզիկական ուժը պետք է զսպվածությամբ և առողջ դատողությամբ ուղղորդվի, այդ պատճառով ծառայության մեջ երբեք չի կիրառում մարզական հնարքները։ Թաեքվանդոն օլիմպիական մարզաձև է, և մարտարվեստի հնարքները քաղաքացիական կյանքում օգտագործելը խստիվ արգելվում է, այդ իսկ պատճառով հնարքները ծառայության մեջ չի կիրառվում։ Բայց ամեն դեպքում սպորտով զբաղվելը շատ է օգնում կյանքում ու ծառայության մեջ հետագա քայլերի հարցում։
Հմայակ Գալստանի օրինակը լավագույն ապացույցն է այն բանի, որ համայնքային ոստիկանը պետք է ոչ միայն ուժի, այլ նաև հավասարակշռության և մարդակենտրոնության խորհրդանիշ լինի։










