Առաջին հայացքից ամեն ինչ սովորական է․ հերթափոխը սկսվում է, պարեկներն անցնում են ծառայության։ Նույն համազգեստը, նույն հստակ ու հավաք պահվածքը, իսկ հիմքում՝ նույն նպատակը։ Հենց այսօրինակ առօրյայում էլ դրսևորվում ներպետական անվտանգության ապահովման գործում նրանց պատասխանատվությունը։

Երևանի գնդի պարեկ Ազատ Սրապյանի դեպքում պատասխանատվությունը, սակայն, ստուգվում է նաև այլ միջավայրում՝ մարզասրահում։ Նրա կենսակերպին անծանոթ մարդը դժվար թե գուշակի, որ իր դիմաց բազկամարտի աշխարհի չեմպիոն է։ Սպորտը Ազատին սովորեցրել է արձագանքել արագ ու հաշվարկված, վերահսկել իրավիճակն ու երբեք չզիջել սկզբունքները։

«Ոստիկանության համակարգում եմ 2021 թվականից։ Իսկ ինչու՞ դիմեցի․ ես սիրում եմ իմ երկիրը, դրա համար փորձում եմ իմ հնարավորությունների չափով օգնել իմ պետության կայացմանը»,-պատմում է Ազատ Սրապյանը:

Ազատ Սրապյանը ստանում է համապատասխան հանդերձանքը, ստուգում յուրաքանչյուր դետալ և դուրս գալիս ծառայության։ Նա շրջում է քաղաքում, նկատում ամեն մանրուք ու արագ արձագանքում ցանկացած իրավիճակի։ Վստահեցնում է՝ ծառայությունը ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում, այլև մշտական հսկողություն, վճռականություն ու պատասխանատվություն, նաև յուրաքանչյուր քայլի հետևանքները գնահատելու կարողություն։

«Երբ նոր էինք անցել ծառայության, երիտասարդը կամուրջից ուզում էր նետվել։ Երբ փորձում էի կոնտակտի մեջ մտնել նրա հետ, բայց նկատեցի, որ ուզում է ձեռքը բաց թողնել։ Իր՝ բաց թողնելն ու իմ՝ նրա ձեռքից բռնելը միաժամանակ եղավ։ Միանգամից ձեռնաշղթաս հանեցի կապեցի իր ու իմ ձեռքերին, որպեսզի գոնե այդպես կախված մնանք մինչ օգնությունը կժամանի։ Փրկարար ծառայությունը մոտեցավ, միացյալ ուժերով քաղաքացուն դուրս բերեցինք,-հիշում է Ազատը։

Կազմակերպվածությունը, վերահսկողությունն ու սառնասրտությունը, որոնք Ազատը ձեռք է բերել մարզական կյանքում, ծառայության մեջ դարձել են նրա անհատական գործիքները։ Մարզվելիս հատուկ ուշադրություն է դարձնում ռազմավարությանը և տեխնիկային. յուրաքանչյուր վարժության հիմքում իրավիճակի ճիշտ գնահատումը, մրցակցի գործողությունների կանխատեսումը և առավել արդյունավետ արձագանքի ընտրությունն է։ Ազատի համար սպորտում ձևավորված տեխնիկան ու հղկված ռազմավարական մտածողությունը ժամանակի ընթացքում դարձել են ռեֆլեքսներ՝ ծառայության մեջ օգնելով գնահատել ու կանխել ցանկացած վտանգ՝ պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը։

Ազատ Սրապյանը պարեկի համազգեստով այն սկզբունքային ծառայողն է, որի մեջ գերիշխում են պետականակենտրոն մտածողությունը և քաղաքացիամետ մոտեցումը, իսկ համազգեստից դուրս, որպես մարզիկ, պայքարելու ու հաղթելու անսպառ ձգտումը։ Նրա պատմությունը ոչ միայն անձնական հաջողության օրինակ է, այլև հիշեցում, որ երբ ուժը, գիտելիքն ու կամքը միավորվում են հայրենիքի հանդեպ սիրո հետ, արդյունքը միշտ նույնն է՝ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ ծառայություն։

Նմանատիպ գրառումներ