Ապրիլի 14-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և «Հայփաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն հանդիպել են Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ։
Բանախոսները կիսվել են Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում նախատեսված կենսաչափական համակարգի ներդրման ընթացքի մանրամասներով․ փոխնախարար Ղազարյանը նշել է, որ Գործողությունների ծրագիրն ամբողջ ծավալով Հայաստանի կառավարության հանձնառությունն է և դրա արդյունավետ իրականացման համար մոբիլիզացվել են առկա բոլոր ռեսուրսները։

ՆԳ նախարարի տեղակալը ներկայացրել է հանրային-մասնավոր գործընկերության շրջանակում իրականացվող բարեփոխումները՝ կարևորելով տարբեր ուղղություններով իրականացվող թվայնացման աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում մեկնարկած շինարարական աշխատանքներին․ Երևանում քաղաքացիների համար մատչելի և բանուկ հատվածներում կստեղծվեն երկու ընդարձակ գրասենյակներ՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, կենսաչափական տվյալների հավաքագրման «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով և միջազգային չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմաններով։
Եվս 21 գրասենյակներ կբացվեն մարզերում՝ նույնանման կահավորանքով և վերազինմամբ։

«Հայփաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն ներկայացրել է հանրային-մասնավոր գործընկերության մոդելը՝ ընդգծելով դրա կարևորությունը ժամանակակից կառավարման և տեխնոլոգիական զարգացման մեջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման ձևաչափով քննարկումները՝ խթանելով երիտասարդական ներուժի ակտիվ ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացին։

Նմանատիպ գրառումներ