Հունվարի 15-ին տեղի է ունեցել «Միգրացիոն կառավարման և ինտեգրման հզորացում․ Շվեդիա–Հայաստան երկկողմ նախաձեռնություն 2025–2029թթ․» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը։ Նիստին ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը։

Նիստի ընթացքում շվեդական կողմը ներկայացրել է ծրագրի 2020-2026 թվականի համար նախատեսված անելիքները, քննարկվել են գործողությունների հետ կապված հարցեր։ Հունվարի 16-ին պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։ Բացման խոսքով հանդես են եկել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը, Շվեդիայի միգրացիոն գործակալության թվայնացման և զարգացման բաժնի ղեկավար Մարկուս Տորեմարը։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկը կարևոր քայլ է Հայաստանի միգրացիայի կառավարման և զբաղվածության ոլորտներում պետական կարողությունների զարգացման համար՝ ընդգծելով առաջնորդության, թվայնացման և վերադարձի ու վերաինտեգրման ուղղությունների նշանակությունը։

Շվեդական կողմը ներկայացրել է ընդհանուր ծրագիրը՝ նշելով, որ այն նպատակ ունի զարգացնել Հայաստանի պետական մարմինների կարողությունները միգրացիայի կառավարման և ապաստանի համակարգի ամրապնդման ուղղությամբ՝ ԵՄ չափանիշներին համապատասխան։ Ծրագիրը ներառում է նաև տեղահանված անձանց և փախստականների ինտեգրման կարողությունների բարելավմանն ուղղված բաղադրիչ։
Վերջինս նաև աջակցելու է ՀՀ-ԵՄ մուտքի ատոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանը։

Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից Շվեդիայի պետական զբաղվածության ծառայության աջակցությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համակարգմամբ։

Նմանատիպ գրառումներ