
Յուրաքանչյուր կանխված պատահար փրկված կյանք է, իսկ յուրաքանչյուր կյանք՝ անգնահատելի արժեք․ այս գիտակցմամբ և հանրային անվտանգության ապահովման հանձնառությամբ ՆԳՆ ոստիկանությունը 24/7 ռեժիմով ամենօրյա ծառայություն է իրականացնում՝ նպատակ ունենալով նվազեցնել և բացառել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան ելքով դեպքերը։
Ցանկալի արդյունքի հասնելու նպատակով ՆԳ նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող լիազոր մարմին, շարունակաբար լավարկում է օրենսդրական դաշտը:
Պարբերաբար իրականացվում են ուժեղացված ծառայություններ, թիրախային վարչարարություն և իրազեկման բազմաբնույթ արշավներ՝ նպատակ ունենալով խթանել հանրային վարքագծի այնպիսի փոփոխություն, որտեղ գերակա են պատասխանատվությունը, զգոնությունն ու սթափությունը։
Արդյունավետ լուծումները պայմանավորված են թե՛ տեխնիկական, թե՛ մարդկային գործոններով և պահանջում են ներառական ու ինստիտուցիոնալ մոտեցումներ՝ հասարակության ակտիվ մասնակցությամբ։
2014-ին, երբ հանրապետությունում գրանցված էր 482 876 ավտոմեքենա, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 297 մարդ։ Մինչդեռ 2025 թվականին՝ շուրջ 1 միլիոն գրանցված ավտոմեքենայի պայմաններում, զոհերի թիվը եղել է 283, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 50-ով, իսկ 2024-ին 2023-ի համեմատ նվազել է 45-ով:
Այսպիսով, 2024–2025 թվականների ընթացքում հանրապետության ճանապարհներին խնայվել է 95 կյանք։
Ակնհայտ է, որ ՆԳՆ ոստիկանության հենասյունային ուղղություններից պարեկային ծառայության ձևավորմամբ էականորեն մեծացել է ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողությունը։
Մահվան ելքով ավտովթարները հիմնականում արագության գերազանցման պատճառով են: Եթե 2014 թվականին արձանագրվել է սահմանված արագության գերազանցման 28 802 դեպք, ապա 2024-ին եղել է 82 051, իսկ 2025-ին՝ 108 576 դեպք։
Այդ համատեքստում կանխարգելիչ նշանակություն ունեն նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու դեպքերը, որոնց թիվը զգալիորեն աճել է։ Եթե 2014 թվականին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 90 անձ, ապա 2024 թվականին վարորդական իրավունքից զրկվել է՝ 5 696, իսկ 2025-ին՝ 5 435 անձ:
Ճանապարհատրանսպորտային անվտանգությունը պահանջում է համալիր մոտեցում՝ ներառելով իրավապահ մարմինների վերահսկողության ուժեղացումը, վարորդների և հետիոտների իրազեկվածության բարձրացումը, կանխարգելիչ ու կրթական ծրագրերի իրականացումը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր նվազեցնել պատահարները, ձևավորել առավել անվտանգ միջավայր և պահպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը։










