
Բռնությունը կարմիր գիծ է. այդ սկզբունքով է առաջնորդվում ՆԳՆ ոստիկանությունը՝ բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը առավել արդյունավետ իրականացնելու գործում ներդնելով առավելագույն ջանք։ Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և Ներքին գործերի նախարարության համագործակցության շրջանակում 2025 թ․ հունիսից ոստիկանությունում գործարկվել է «SAFE YOU» առցանց անվտանգ բջջային հավելվածը, որն առաջինն է տարածաշրջանում։
«Հարթակը ստեղծվել է 2020 թվականին։ Ներկայումս շուրջ 7 երկրներում գործունեություն ենք ծավալում։ Հայաստանը առաջինն է տարածաշրջանում: Այդ ուղղությամբ բավական ջանքեր գործադրվեցին թե՛ ՆԳ նախարարության, թե՛ ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և, բնականաբար, մեր թիմի կողմից, որպեսզի այս համագործակցությունը և համակարգային ինտեգրացիան կկայանա»,-ներկայացնում է «SAFE YOU» հարթակի հիմնադիր, գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը:
Բջջային հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց «կանչ» կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն և ստանալ համապատասխան աջակցություն:
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ 2025 թ. հունիսից դեկտեմբեր ստացվել է 20 ահազանգ, իսկ դեկտեմբերից մինչև օրս՝ 24։ Այսինքն՝ նախորդ երկու ամիսներին ավելի շատ ահազանգ է ստացվել, քան համակարգի գործարկումից հետո առաջին 6 ամիսներին:
«SAFE YOU» բջջային հավելվածի միջոցով կատարված ահազանգն ինքնաշխատ արտացոլվում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավտոմատացված տեղեկատվական համակարգում, ինչից հետո այն փոխանցվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում:
«Հարթակը ոչ միայն ահազանգման գործիք է բռնության ենթարկված անձանց համար, այլև բռնության դեմ պայքարն առավել թիրախային իրականացնելու, խնդիրները ճիշտ գույքագրելու տեսանկյունից վերլուծական գործիք է ոստիկանության համար»,-ասում է Գեորգի Խաչատրյանը:
ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գենդերային ծրագրերի համակարգող Թագուհի Հարությունյանը նշում է, որ ՆԳ նախարարության հետ երկար տարիների համագործակցություն ունեն, իսկ «SAFE YOU»-ն դրանցից մեկն է։
Հավելվածն անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից անվտանգ է և արտահոսքի ռիսկեր չունի։ Այն ապահովված է նաև անվտանգության գործիքով, որը բռնության ենթարկվածին հնարավորություն է տալիս հեռախոսում թաքցնելու հավելվածը։
«SAFE YOU»-ն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից ճանաչվել է թվային հանրային բարիք, ինչը հարթակի նկատմամբ բարձր վստահության մասին է։ ՆԳՆ ոստիկանությունը, օգտագործելով թվային այս հարթակը՝ շարունակելու է բռնության դեմ հետևողական պայքարը՝ ձևավորվելով առավել անվտանգ միջավայր։










