
Ջրամբարների ազդարարման համակարգեր, պատվարների սեյսմիկ վիճակի գնահատման մեխանիզմներ, անվտանգության միջոցառումների ընթացակարգեր․․․ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ մարտի 5-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարում էր Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը:
Մասնակցում էին Փրկարար ծառայության, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, գիտաշխատողներ և ոլորտային այլ մասնագետներ։
Ընդգծելով հարցի արդիականությունը՝ Արամ Ղազարյանը նշել է, որ ջրամբարների անվտանգ շահագործումը պահանջում է մշտադիտարկում, տեխնիկական վիճակի գնահատում և անվտանգության շարունակական վերահսկում։
Խոսելով ջրամբարների պատվարների նախագծային նյութերի և դրանց շահագործման նորմատիվային պահանջների մասին՝ Փրկարար ծառայության տնօրենը նշել է, որ ջրամբարների անվտանգ շահագործումը պահանջում է գիտակիրառական նոր լուծումներ, վերականգնողական աշխատանքներ:
Արամ Ղազարյանը կարևորել է ջրամբարների տարածքներում փրկարարական ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող շրջայցերն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև շահագրգիռ մարմինների և գիտական համայնքի հետ համագործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումները դարձնել շարունակական՝ վեր հանված խնդիրներին համատեղ լուծումներ նախանշելու նպատակով։
Քննարկման մասնակիցները ներկայացրել են ջրամբարների վիճակը, անվտանգության միջոցառումների ընթացակարգերն ու հետագա անվտանգ շահագործման ռիսկերը։
Ջրամբարների անվտանգության հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։










