Մարտի 11-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի և Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, առկա հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։

Փրկարար ծառայության տնօրենը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին և օպերատիվ արձագանքման կարողություններին։ Այցի ընթացքում նա զրուցել է ծառայողների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով և մասնագիտական պատրաստվածությամբ։

Արամ Ղազարյանը նշել է, որ անհրաժեշտ է ծառայության առջև դրված խնդիրների իրականացումը կազմակերպել Փրկարար ծառայության վերափոխված հայեցակարգային մոտեցումներին համահունչ։ Նա ընդգծել է ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման համակարգված և արդյունավետ ծառայություն ապահովելու կարևորությունը։

Ծառայության տնօրենի խոսքով՝ հրշեջ-փրկարարների գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրանց մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների շարունակական զարգացմամբ։
Այդ համատեքստում նա կարևորել է տարբեր սցենարային իրավիճակների հիման վրա պարբերական վերապատրաստումների իրականացումը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել պատրաստվածության մակարդակը և նպաստել արձագանքման ժամանակի կրճատմանը։

Այցի ավարտին Սպիտակ քաղաքում Արամ Ղազարյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակայի, Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանի և մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք են մատուցել 2011 թվականի Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել։

Արամ Ղազարյանը նշել է, որ 15 տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած արհավիրքը համամարդկային ողբերգություն էր՝ շեշտելով աղետների ռիսկի կառացվարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը։

Ընդգծվել է ճգնաժամային իրավիճակները միահամուռ ջանքերով հաղթահարելու պատրաստակամությունը։

Նմանատիպ գրառումներ