Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, առաջնորդվելով ՆԳ նախարարության ներքին կարգապահության ապահովման քաղաքականությամբ, շարունակում է յուրաքանչյուր դեպքով պահպանել օբյեկտիվություն ու պատշաճ արձագանք:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանի խոսքով՝ Վարչությունը, 2025 թվականի տարեկան միջոցառումների ծրագրի իրականացման շրջանակում, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից և նպատակներից ելնելով, իրականացրել է վերահսկողական, օպերատիվ, վերլուծական և կանխարգելիչ բնույթի միջոցառումներ։

«Ուսումնասիրվել են ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության առանձին ոլորտներ, արձանագրվել են ծառայողական կարգապահության խախտման դեպքեր, որոնց առնչությամբ ձեռնարկվել են համապատասխան արձագանքման միջոցներ»,- նշել է Դավիթ Աղաբալյանը։

Հաշվետու տարում վարչության կողմից իրականացվել է 1736 ծառայողական քննություն և ուսումնասիրություն։ Դրանց արդյունքներով կիրառվել է 641 կարգապահական տույժ։

ՆԳՆ ՆԱ և հակակոռուպցիոն վարչության ՓԾ և քաղաքացիական ծառայողների նկատմամբ ԾՔ իրականացման բաժնի պետի տեղակալ Թագուհի Ցականյանը նշում է, որ կազմակերպվել և իրականացվել են ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի գործունեության ապահովման աշխատանքները․ «Հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 8 նիստ։ Քննվել է ոստիկանության 45 ծառայողի թույլ տված կարգապահական կոպիտ խախտումների կապակցությամբ ծառայողական քննությունների 41 նյութ»։

ՆԳ նախարարությունը մշտապես առաջնորդվելով հանրային հաշվետվողականության սկզբունքով՝ կարգապահական հանձնաժողովի յուրաքանչյուր նիստից հետո արդյունքների մասին հրապարակային իրազեկում է իրականացրել՝ պահպանելով գործընթացի թափանցիկությունը։

2025 թվականին նախաքննական մարմիններ է ուղարկվել 42 ծառայողական քննության նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 37 քրեական վարույթ, որոնք վերաբերել են կոռուպցիոն բնույթի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, բռնության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների առերևույթ դեպքերին։

«Վարչությունն իրականացրել է իրավախախտումների վաղ հայտնաբերման ու կանխման ուղղությամբ կանխարգելիչ, վերահսկողական և օպերատիվ բնույթի միջոցառումներ։ Ոստիկանության ենթակա ստորաբաժանումներում իրականացվել են պլանային, իսկ փրկարար ծառայության ստորաբաժանումներում՝ նպատակային ստուգումներ: Նաև իրականացվել է օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված հաղորդումների մշտադիտարկում։ Համակարգում հանցավոր դրսևորումների բացահայտման, քրեական ենթամշակույթի ներթափանցման կանխարգելման, ծառայողների հավաքագրման և ազդեցության փորձերի չեզոքացման, նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- ընդգծել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի տեղակալ Վարդան Հարությունյանը։

Շարունակվել է քննչական և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը:

ՆԳ նախարարությունը կարևորելով հասարակության հետ կապերի ամրապնդումը՝ մշտապես հանդես է գալիս քաղաքացիների հետ համագործակցելու պատրաստամությամբ։ Այդ համատեքստում 2025 թվականին ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունն իրականացրել է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների ընդունման, ուսումնասիրության և սահմանված կարգով ընթացք տալու համակարգված աշխատանքներ։ Իրականացվել է նաև ներքին և արտաքին ազդարարման հաղորդումների ընդունում և ուսումնասիրություն։

Վարչությունն ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ հակակոռուպցիոն, ոստիկանության բարեփոխումների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարություններից բխող գործողությունների ծրագրային միջոցառումների իրականացմանը՝ ապահովելով դրանցում ներառված հակակոռուպցիոն, կանխարգելիչ և վերահսկողական բաղադրիչների իրականացումը։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի տեղակալ Գնել Սիմոնյանի խոսքով՝ իրականացրել է ծրագրային և կազմակերպչական բնույթի աշխատանքներ, մշակվել և ներքին գործերի նախարարի կողմից հաստատվել են Ներքին գործերի նախարարության 2026 թվականի հակակոռուպցիոն և վարչության տարեկան աշխատանքային ծրագրերը։

ՆԳՆ շահագրգիռ ստորաբաժանումների հետ մշակվել է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքը և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների օրենսդրական փաթեթը։

Վարչությունը, առաջնորդվելով ՆԳ նախարարության՝ պետական համակարգի տարբեր կառույցների հետ ներառական աշխատանքի սկզբունքով, իրավասու մարմինների հետ ապահովել է շարունակական համագործակցություն:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, համակարգում ներքին կարգապահության առավել բարձր մակարդակ ապահովելու և յուրաքանչյուր դեպքին օբյեկտիվ արձագանքելու հանձնառությամբ, հետևողականորեն շարունակելու է հակակոռուպցիոն քաղաքականության ուղղություններով իր գործունեությունը:

Նմանատիպ գրառումներ