
Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն ընթանում է թվային փոխակերպման և պետական կառավարման համակարգի արդիականացման ճանապահով։
Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը հերթական նախաձեռնությունն էր, որը մարտի 17-ին մեկ հարկի տակ էր համախմբել թե՛ պետական ոլորտի, թե՛ միջազգային կառույցների ու առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին։
Միջոցառմանը ներկա էր երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել հանրային ոլորտում բեկումնային լուծումներ ու արդյունավետ կառավարման մոդելներ ներդրած անհատների և թիմերի մրցանակաբաշխության արարողություն։
«Թվային լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել և Վարչապետի կողմից մրցանակի արժանացել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՆԳՆ թվայնացման հարցերով խորհրդական Աննա Հարությունյանը։
Մրցանակը Ներքին գործերի նախարարության որդեգրած նոր ռազմավարական քաղաքականության և համակարգային բարեփոխումների բարձր գնահատականն է։
ՆԳՆ համակարգում թվային փոխակերպումը պարզապես տեխնիկական վերազինում չէ․ այն խորքային ինստիտուցիոնալ գործընթաց է, որի նպատակը միասնական, տվյալահեն և առավել օպերատիվ կառավարման համակարգ ձևավորելն է։ Նորարարական լուծումները միտված են քաղաքացիակենտրոն ծառայությունների որակական բարելավմանը, գործընթացների թափանցիկության ապահովմանն ու վարչարարության պարզեցմանը։
Թվայնացման նոր գործիքակազմը կնպաստի նաև իրավապահ ոլորտում ժամանակակից մեթոդների ներդրմանը՝ էականորեն բարձրացնելով հանրային անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը։
Համաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնի կողմից։





























