Մարտի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Ներառական զարգացում․ ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի շրջանակում մասնակցել է «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթացը» թեմայով պանելային քննարկմանը։

Համաժողովին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղահանված անձինք։

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ հանդիպումը հնարավորություն է համատեղ ամփոփելու արդեն իսկ իրականացված քայլերը՝ միաժամանակ արձանագրելով և հասցեագրելով առկա խնդիրները։

Անդրադառնալով գործընթացների կազմակերպմանը դեռևս 2023-ի աշնանը՝ նախարարը արձանագրեց, որ նույնականացված տվյալների հավաքագրմամբ տեղահանված բնակչության ամբողջական հաշվառում է ապահովվել մեկ ամսվա ընթացքում, ինչը հնարավորություն է տվել ժամանակին ու թիրախային կազմակերպել հրատապ աջակցության և մյուս սոցիալական աջակցության ծրագրերը։ Անդրադառնալով քաղաքացիության շնորհման գործընթացին՝ նախարարն ընդգծել է, որ այն իրականացվում է հնարավորինս արագ և առանց խոչընդոտների։

«Մինչ օրս ՀՀ քաղաքացիություն է ստացել 34576 տեղահանված անձ, իսկ շուրջ 1000 դիմում գտնվում է Հանրապետության նախագահի աշխատակազմում։ Տեղահանված 28000 անչափահասներից 12000-ն արդեն ստացել է քաղաքացիություն՝ փաստաթղթավորման միջոցով։ Միևնույն ժամանակ, ուզում եմ փաստել, որ ունեցել ենք քաղաքացիության մերժման զրո դեպք, ինչը նաև Կառավարության հանձնառության ուղիղ կատարման արդյունքն է»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Նա ընդգծել է նաև, որ 2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումներն ընդունվում են թվային հարթակի միջոցով, ինչը բարեփոխումների օրակարգի կարևոր բաղադրիչ է։ Բացի այդ, տեղահանվածների համար վերացվել է քաղաքացիություն ստանալու պետական վճարը՝ գործընթացը դարձնելով առավել դյուրին։

Անդրադառնալով փաստաթղթային խնդիրներին, մասնավորապես ծննդյան վկայականի բացակայության իրավիճակներին՝ նախարարը հավաստել է, որ ծննդյան փաստի հաստատման առավել դյուրին գործընթացներ են քննարկվում Կառավարությունում, այդ թվում այս ուղղությամբ դատական գործընթացը նոտարական ինստիտուտի զարգացման ճանապարհով փոխարինելու հարցը։ ՆԳ նախարարը վստահեցրել է, որ շարունակվելու են տեղահանված հայրենակիցների խնդիրների հասցեական լուծումները։

Պանելային քննարկմանը ելույթներով հանդես են եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տեղահանվածների սոցիալական երաշխիքներին, բնակապահովման, առողջապահության, կրթության և քաղաքացիության շնորհման գործընթացներին։
Վարչապետը և բանախոսները պատասխանել են նաև տեղահանվածների հարցերին։

Նմանատիպ գրառումներ