
Ապրիլի 8-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել են նախարարության ենթակա ծառայությունների նախորդ տարվա գործունեության արդյուքներով կատարողականի գնահատման և դրա հիման վրա պարգևատրումների տրամադրման հանձնաժողովային քննարկումների արդյունքները։
Անդրադառնալով ՆԳ նախարարության նախորդ տարվա ձեռքբերումներին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է յուրաքանչյուր ծառայողի ներդրումը բարեփոխումների իրագործման և հանրային անվտանգության ամրապնդման գործում։ Նրա խոսքով՝ ինստիտուցիոնալ փոփոխությունները առավել տեսանելի են դառնում բարեխիղճ ծառայության շնորհիվ։
ՆԳ նախարարը պարգևատրել է 2025 թվականի արդյունքներով լավագույնը ճանաչված ծառայողներին, ինչպես նաև փոխանցիկ դրոշներ հանձնել լավագույն ստորաբաժանումների ղեկավարներին։
Մասնավորապես՝
«Լավագույն քրեական ոստիկան» է ճանաչվել Բաբկեն Թորգոմյանը,
«Լավագույն համայնքային ոստիկան»՝ Տիգրան Իսկանդարյանը,
«Գվարդիայի լավագույն ծառայող»՝ Տիգրան Մանուկյանը,
«Լավագույն պարեկային ծառայող»՝ Մասիս Բաղդասարյանը։
Տարվա լավագույն ստորաբաժանումներ են ճանաչվել․
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը, Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժինը և Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակը։
Պատշաճ գնահատականի են արժանացել նաև Փրկարար ծառայության ներկայացուցիչները․
«Լավագույն հրշեջ»՝ Սևակ Ստեփանյան և Էդգար Մարտիրոսյան,
«Լավագույն փրկարար»՝ Արման Ազայան,
«Լավագույն վարորդ»՝ Գևորգ Խաչատրյան։
«Փրկարարական լավագույն ջոկատ» են ճանաչվել Երևանի թիվ 11 և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատները, «Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանման լավագույն բաժին»՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժինը։
«Լավագույն խումբ» են ճանաչվել Երևանի թիվ 7 ջոկատի 3-րդ ու Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին խմբերը, «Հատուկ օբյեկտների պահպանության լավագույն խումբ»՝ Դովեղի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը, իսկ որպես «Լավագույն հերթափոխ»՝ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին հերթափոխը։
Արփինե Սարգսյանը շնորհավորելով պարգևատրվածներին՝ ընդգծել է, որ պարգևները առաջին հերթին թիմային աշխատանքի արդյունք են, ապա՝ անհատական ձեռքբերում։
Նախարարն ընդգծել է, որ պարգևատրման գործընթացում առաջնորդվել են բացառապես օբյեկտիվության սկզբունքով. թեկնածուների ընտրությունը իրականացվել է հանձնաժողովային ձևաչափով՝ ապահովելով գնահատման բազմակողմանիությունն ու անկողմնակալությունը։ Նա նշել է, որ պարգևատրումը արժանիքահեն գնահատական է կատարված աշխատանքի համար և հույս հայտնել, որ խրախուսանքները կբարձրացնեն ծառայողների մոտիվացիան՝ ի նպաստ համակարգի առավել արդյունավետ և կանոնակարգված գործունեության։





































