
Ապրիլի 9-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Road Control» բջջային հավելվածի կիրառման արդյունավետության գնահատման նպատակով։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ոլորտային պատասխանատուներ։
Հանդիպման անհրաժեշտությունը պայմանավորված էր համակարգի մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրներով, որոնք պահանջում են տեխնիկական և իրավական կատարելագործման լուծումներ։ Քննարկման առանցքում համակարգի գործունեության ընթացիկ վերլուծությունն էր, տեխնիկական և իրավական լավարկման հեռանկարները, ինչպես նաև հավելվածի կատարելագործմանն ուղղված նորարարական լուծումների գեներացումը։ Անդրադարձ է կատարվել համակարգի կոնցեպտուալ վերափոխման անհրաժեշտությանը՝ դիտարկելով նոր և առավել արդիական գործիքակազմի անցնելու հնարավորությունը։
Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը հետևողականորեն մշտադիտարկում է հանրային արձագանքը նախարարության կողմից մշակվող յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ՝ կարևորելով քաղաքացիների մասնակցությունը պետական քաղաքականության ձևավորման և բարեփոխումների իրականացման գործընթացում։




















