
Ապրիլի 15-ին Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավար կազմի համար անցկացվել է կառավարչական հմտությունների վերապատրաստման դասընթաց, որի նպատակը ՆԳՆ համակարգի ղեկավար կազմի կառավարչական կարողությունների զարգացումն ու առաջնորդության ժամանակակից մոդելներին ծանոթանալն էր:
«Դասընթացի նպատակն է ղեկավար կազմին զինել համապատասխան կառավարչական հմտություններով, որպեսզի իրենց մոտ հետագայում կարողանան ձևավորել ավելի ճկուն և արդյունավետ մշակույթ»,-նշել է ՆԳՆ ՄՌԿ վարչության խորհրդական Սոնա Խաժոյանը։
Դասընթացի շրջանակում քննարկվել են առաջնորդության հիմունքները, պատասխանատվություն ստանձնելու մեխանիզմներն ու ղեկավար-թիմ արդյունավետ հաղորդակցության գործիքակազմը: Մասնակիցները դիտարկել են նաև որոշումների կայացման, լիազորությունների պատվիրակման և էմոցիոնալ ինտելեկտի դերը ժամանակակից մարտահրավերների համատեքստում:
ՄԱԶԾ փորձագետ, դասընթացավար Լիլիթ Գևորգյանի խոսքով՝ ձեռքբերված հմտությունները մասնակիցներին թույլ կտան բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու թիմի մոտիվացիան, ինչի շնորհիվ հանրությանը կմատուցվեն առավել որակյալ ծառայություններ։
Դասընթացը կազմակերպվել էր «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արդյունավետության խթանում մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ-ի կողմից՝ Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։










