Առաջին ալիքի «Լուրերն» անդրադարձել է մանկական նստատեղերի՝ քարսիթների, պարտադիր կիրառման կարևորությանը՝ ներկայացնելով երեխաների անվտանգության ապահովման գործում դրանց դերը։

✔️Վթարի ժամանակ՝ հարվածի պահին, երեխային գրկած ծնողը չի կարող նրան ապահով պահել այնպես, ինչպես մանկական նստատեղը։ Տարածված արդարացումները՝ թե երեխան գրկում ավելի ապահով է կամ չի ցանկանում նստել քարսիթում, կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ։

✔️Հայաստանում մինչև յոթ տարեկան երեխաների փոխադրման համար «Իզոֆիքս» (ISOFIX) համակարգով մանկական նստատեղը պարտադիր է: 7-ից 12 տարեկան երեխաների փոխադրումը թույլատրվում է թե՛ մանկական նստատեղերի, թե՛ ամրագոտու ամրացման միջոցով, բայց պայմանով, որ նստած լինեն հետևի նստատեղին: Եթե 7-ից 12 տարեկան երեխան փոխադրվում է առջևի նստատեղին, ապա պարտադիր պետք է լինի մանկական նստատեղ:

✔️Պարեկային ծառայությունը 2026 թվականի առաջին եռամսյակում արձանագրել է 3600 իրավախախտում:
«2024 թվականին արձանագրել ենք 5451 վարչական իրավախախտում, երբ բացակայել է մանկական նստատեղը: 2025 թվականին արդեն ունեցել ենք 11 198 իրավախախտում, այսինքն կրկնակի, ինչը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ իրականացվում է հետևողական աշխատանք՝ հասկանալով նաև հնարավոր վտանգները հատկապես վթարների դեպքում»,- նշում է Պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության դատական պաշտպանության բաժնի պետ Հարություն Իսահակյանը։

Քարսիթը ընտրություն չէ, այլ պարտադիր պայման երբ մեքենայում երեխա կա։
Մի՛ մոռացեք ամրակապվել և ամրակապել նաև Ձեր երեխաներին, մի՛ վտանգեք կյանքը։

Նմանատիպ գրառումներ