
ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։
Արամ Ղազարյանը շրջել է մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներում, ծանոթացել հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպման ընթացքին։
Փրկարար ծառայության տնօրենին են ներկայացվել դեպք-պատահարների ժամանակ կիրառվող տեխնիկական միջոցները, հատուկ և օժանդակ գույք-սարքավորումները, ինչպես նաև դեպքերին արձագանքելու մարտավարությունը։
Արամ Ղազարյանը ծառայողներից հետաքրքրվել է նրանց հուզող խնդիրների ու աշխատանքային մարտահրավերների մասին։
Փրկարար ծառայության տնօրենն, անդրադառնալով ծառայողների ատեստավորման գործընթացին, նշել է, որ այն կարևոր նշանակություն ունի մասնագիտական աճի և ծառայության արդյունավետ կազմակերպման համար։ Նա ծառայողներին հորդորել է ակտիվ ներգրավվել ատեստավորմանը՝ ընդգծելով, որ գործընթացը հնարավորություն է տալիս զարգացնելու մասնագիտական կարողություններն ու միաժամանակ բարելավելու սոցիալական երաշխիքները։
Փրկարար ծառայության տնօրենը աշխատանքային խորհրդակցության ժամանակ խոսելով ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջնահերթությունների մասին՝ անդրադարձել է փոխգործակցությանն ու արձագանքման կարողությունների շարունակական զարգացմանը։
Արամ Ղազարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել մասնագիտական պատրաստվածության բարձրացման գործընթացը՝ կարևորելով պարբերական վերապատրաստումների և գործնական վարժանքների անհրաժեշտությունը։
Փրկարար ծառայության առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ տրվել են մի շարք հանձնարարականներ։





























