
ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը մայիսի 20-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մայիսի 22-23-ը «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատշաճ կազմակերպման նպատակով։
Մասնակցում էին Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Նշվել է, որ հանրապետության 1051 դպրոցներում, ինչպես նաև ժամանցի վայրերում անցկացվող միջոցառումների ժամանակ պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով նախատեսվել է կիրառել հավելյալ անվտանգային մեխանիզմներ։
Մասնավորապես, կայուն պահակակետերի և շրջիկ ծառայությունների ներգրավմամբ դպրոցներում և հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն․ ներգրավված են լինելու Ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունները։
Պարեկային ծառայությունը վերահսկողություն կիրականացնի բանուկ խաչմերուկներում, հանդիսությունների սրահների հարակից տարածքներում։
Գվարդիայի ծառայողները կապահովեն հասարակական կարգի պահպանումը, իսկ համայնքային ոստիկանները ծառայություն կիրականացնեն առանձնացված տարածքներում և ռիսկային գոտիներում։
Անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպերն կանխելու նպատակով ժամանցի վայրերում ծառայություն կիրականացնեն նաև քրեական ոստիկանները։
Կամո Ցուցուլյանը ստորաբաժանումների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ ցուցաբերել զգոնություն և առաջնահերթ ապահովել անչափահասների անվտանգությունը։
Նա հատուկ հրահանգել է անզիջում մոտեցում ցուցաբերել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասի վստահելու դեպքերին։
Կամո Ցուցուլյանը նաև կարևորել է շրջիկ և կայուն պահակակետերի աշխատանքների համաժամանակեցումը, լրացուցիչ ուժերի արդյունավետ ներգրավումը և ստորաբաժանումների գործառույթների հստակ բաշխումը։
Խնդիրները գույքագրվել են, նախանշվել դրանց հրատապ լուծման ուղղությունները։

























