Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ԵԽԽՎ 2011 թ․ հոկտեմբերի 5-ի զեկույցում արված առաջարկությունների հիման վրա, Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրի շրջանակում, ինչպես նաև ոստիկանության անձնակազմի իրավական պաշտպանության բարելավման, ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման նպատակով ոստիկանությունում մշտական գործող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 2012 թվականին փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում, որի արդյունքում լրացված նոր՝ 43.1-ին հոդվածի համաձայն՝ կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը, դրանց արդյունքներով կազմված եզրակացությունը, մինչև համապատասխան որոշում ընդունելու համար ծառայողական քննություն նշանակող անձին ներկայացնելը պետք է քննության առնվեին ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովում։
2025թ․ հոկտեմբերի 2-ին ընդունվել է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքը, որի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել են կոպիտ խախտումները, իսկ 44-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ նույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված կոպիտ խախտումները պետք է քննության առնվեն լիազոր մարմնի կարգապահական հանձնաժողովի կողմից։
Հիշյալ օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքը և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածներն ուժը կորցրած են ճանաչվել։
Բացի այդ, 2025 թ․ հոկտեմբերի 2-ին ընդունվել է ««Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել են կոպիտ խախտումները, իսկ լրացված նոր՝ 85.34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ նույն օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված կոպիտ խախտումները պետք է քննության առնվեն լիազոր մարմնի կարգապահական հանձնաժողովի կողմից։
Ներքին գործերի նախարարի 2024 թ․ փետրվարի 29-ի հրամանով հաստատվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության «այսուհետ՝ Նախարարություն» կարգապահական հանձնաժողովի կազմը, ըստ որի՝ այն կազմված է Նախարարության վեց աշխատակցից, հասարակական միավորումների վեց անդամից, ՀՀ վարչապետի աշխատակազմի մեկ ներկայացուցչից և նիստի քարտուղարից։
Նույն հրամանով հաստատված կարգապահական հանձնաժողովի գործունեության կարգի «այսուհետ՝ Կարգ» համաձայն՝ կարգապահական հանձնաժողովը Նախարարությունում մշտապես գործող մարմին է, որը՝
1) քննում է ոստիկանության և փրկարարական ծառայողների կատարած կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերը, գնահատում է ծառայողների գործողությունների իրավաչափությունը և դրանց վերաբերյալ ընդունում համապատասխան որոշումներ,
2) իրականացնում է Նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության (այսուհետ՝ Վարչություն) ծառայողների կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ կարգապահական խախտումների դեպքերով ծառայողական քննություն։
Նույն Կարգի համաձայն՝ hասարակական միավորման ներկայացուցչի ընտրության համար սույն կարգով նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Վարչությունն է: Վարչությունն է վարում հասարակական միավորումների տվյալների շտեմարանը:
Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հասարակական միավորումների ներկայացրած հայտերը և թեկնածությունները քննարկվում են Վարչությունում, որը յուրաքանչյուր տարի, 10-օրյա ժամկետում, տվյալների շտեմարանը ներկայացնում է Ներքին գործերի նախարարին։