Նախարարություն

Նախարարություն

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է, Կառավարության կառուցվածքի և գործունեության մասինե օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Նախարարության նպատակներն են՝
• նախարարության գործունեության ոլորտում քաղաքականության մշակումը և իրականացումը.
• հասարակական կարգի պահպանության, հասարակական, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, մարդու անվտանգության, հանցանքների, վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման համակարգերի արդյունավետ գործունեությունը.
• քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, նյութական պահուստի միասնական պետական համակարգի արդյունավետ գործունեության ապահովումը.
• աղետներին դիմակայուն պետության ձևավորումն ու կայացումը, աղետների ռիսկի հետևողական նվազեցումը, արտակարգ իրավիճակներին արագ և նպատակաուղղված արձագանքումը, հետաղետային արդյունավետ վերականգնումը.
• միգրացիոն գործընթացների կառավարման, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների իրացման, քաղաքացիության ձեռքբերման, դադարեցման, անձանց փաստաթղթավորման և նույնականացման, բնակչության պետական և ընտրողների ռեգիստրների համակարգերի արդյունավետ գործունեությունը:

Նախարարության խնդիրներն են՝
• հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, մարդու անվտանգության, հետախուզվող անձանց և տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ճանապարհային երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների պահպանման, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության, հանցանքների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, հայտնաբերման, խափանման և բացահայտման ապահովումը.
• միգրացիոն գործընթացների կառավարման, օտարերկրյա քաղաքացիներին, փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակության (գտնվելու) իրավունքի, օտարերկրացիների կամավոր վերադարձի և արտաքսման, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման գործընթացի, փախստականի կարգավիճակի ճանաչման և ապաստանի տրամադրման ապահովումը.
• քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման, անձնագրային միասնական համակարգի գործունեության, անձանց փաստաթղթավորման և նույնականացման, հանրային ծառայությունների համարանիշի հատկացման, բնակչության պետական և ընտրողների ռեգիստրների վարման ու ընտրողների ցուցակների կազմման ապահովումը.
• տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման, հաշվառման համարանիշերի և վարորդական իրավունքի տրամադրման ապահովումը.
• նախարարության գործունեության ոլորտով պայմանավորված՝ լիցենզավորման գործընթացի ապահովումը.
• քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների, բնածին և տեխնածին աղետների ռիսկերի, հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված, փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ապահովումը.
• քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում քաղաքացիների ուսուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերով բնակչության և կազմակերպությունների իրազեկման ապահովումը։