Մարտի 29-ին մայրաքաղաքում մեկնարկեց «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի պլանավորման կոնֆերանսը։
Բացման խոսքով հանդես եկան ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Փրկարար ծառայության գնդապետ Տիգրան Պետրոսյանը, Եվրոպայի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) ծրագրի պատասխանատու Մարիանջելա Պելիչիան և նախագծի ղեկավար Եվանգելոս Կատսարոսը:
Մասնակցում են Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի, ինչպես և Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին առաջին արձագանքողների առողջության և անվտանգության միջազգային փորձը, դրանց առնչվող մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցեր։
Եռօրյա Կոնֆերանսի ընթացքում քննարկվելու են 2023 թվականի հոկտեմբերի 9-ից 13-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք միջազգային դաշտային վարժանքի անցկացման սցենարը և ուսումնավարժանքի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախատեսվում է նաև այդ ընթացքում շտաբային ուսումնավարժության անցկացում։
Նշենք նաև, որ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունը հանդիսանում է ընդհանուր միջոցառման պլանավորման, կազմակերպման և իրականացման հյուրընկալող կողմ, իսկ ծրագրի համակարգումն իրականացվում է Կիպրոսի եվրոպական համալսարանի ներկայացուցիչների կողմից։

Նմանատիպ գրառումներ